Մատչելիության հղումներ

«Շատ կարևոր է, որ հնարավորինս արագ, ամբողջ ծավալով գործարկենք Գյումրիի օդանավակայանը». Փաշինյան


Օդային փոխադրումները Հայաստանի Հանրապետության համար ունեն ռազմավարական նշանակություն, այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Կորպորասիոն Ամերիկա» օդանավակայանների ղեկավարության գագաթնաժողովի ժամանակ։

Վարչապետն ընդգծեց՝ Հայաստանը, ցավոք, իր գոյության, անկախության առաջին օրերից կիսաշրջափակված իրավիճակում է, և այս պայմաններում օդային տրանսպորտը չափազանց կարևոր նշանակություն ունի։

Փաշինյանի խոսքով՝ ոլորտում արդեն կան գոհացուցիչ արդյունքներ։

«Մենք նայում ենք ապագային, ձևավորել ու ձևավորում ենք ապագայի օրակարգն, այդ օրակարգում ես կուզենայի ընդգծել մի քանի կարևոր առանձնահատկություն՝ շատ կարևոր է, որ մենք ի վերջո հնարավորինս արագ գործարկենք ամբողջ ծավալով Գյումրիի օդանավակայանը, որն իր հերթին, հույս ունենք, կնպաստի մեկ այլ կարևոր խնդրի լուծմանը՝ դա ավիատոմսերի գների նվազումն է, որը շատ կարևոր է նաև Հայաստանում ռազմավարական նշանակություն ունեցող մեկ այլ ոլորտի՝ տուրիզմի զարգացման համար։ Այս հարցերում մենք իհարկե ակտիվորեն համագործակցելու ենք և տրամադրված ենք համագործակցել մեր գործընկերների հետ», - ասաց Փաշինյանը:

«Հաջորդ խնդիրը, որ ես կուզենայի ընդգծել, հետևյալն է՝ Հայաստանի Հանրապետությունում, ցավոք, տեղական ավիափոխադրողների գործունեությունը և ծավալներն այնպիսին չեն, ինչպիսին մենք կցանկանայինք, ինչպիսին վայել է անկախ, ինքնիշխան երկրին, և սա մեր համագործակցության հաջորդ ուղղությունը պետք է լինի, որպեսզի Կառավարությունը, «Զվարթնոց միջազգային օդանավակայանները», «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունն իրար հետ համագործակցված կարողանան ստեղծել այնպիսի պայմաններ, որ հնարավոր լինի հայկական ավիափոխադրողի, կամ ավիափոխադրողների ի հայտ գալը և նրանց մրցունակությունն ապահովելը։ Սրանք են այն հիմնական, առանցքային ռազմավարական ուղղությունները, որոնց մասին մենք պարոն Էռնեկյանի հետ մի քանի անգամ արդեն քննարկումներ ունեցել ենք», - հայտարարեց Հայաստանի վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG