Մատչելիության հղումներ

Իհարկե հեղափոխությունից մեկ տարի անց էլ մարդիկ դեռ լավ չպետք է ապրեին. Աշոտ Ադամյան


Իհարկե հեղափոխությունից մեկ տարի անց էլ մարդիկ դեռ լավ չպետք է ապրեին, «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց դերասան, ռեժիսոր Աշոտ Ադամյանը՝ անդրադառնալով այն դժգոհություններին, թե մեկ տարի է անցել, բայց մարդիկ լավ չեն ապրում։

Ադամյանը նշեց՝ հեղափոխությունը կատարվեց որպես մեկնարկ, իսկ այն խութերն ու հարվածները, որոնք ստացվել են տասնամյակներ շարունակ, «մեկ տարում մաքրել՝ ներողություն, վերևից մանանա չէ, որ թափվի միանգամից մարդկանց գլխին»։

«Իհարկե լավ չպետք է ապրեինք, որովհետև հենց այն օրերին, երբ որ մենք հայտարարեցինք Նիկոլի շուրթերով, որ հեղափոխությունը կատարվեց, հենց էդ պահից ես գիտակցում էի, որ հեղափոխությունը կատարվեց որպես սկիզբ, որպես մեկնարկ, որովհետև ես շատ լավ գիտակցում եմ, թե ինչ խութերի, ինչ դժվարությունների առջև ենք կանգնած, և որքան խորն են այն հարվածներն ու վնասները, որոնք մենք ստացել ենք տասնամյակների ընթացքում, իսկ դա մեկ տարում մաքրել՝ ներողություն, վերևից մանանա չէ, որ թափվի միանգամից մեր գլխին և հանկարծ զգաս, որ էսինչը դեռ տեղում չէ, էնինչը դեռ տեղում չէ։ Սարսափելի է՝ ամեն ինչ տեղում չէ, և դա անելու համար մեծ ջանքեր են պետք, ինչը և արվում է, ես կարծում եմ, և բոլորս գիտակցաբար և արժանապատվորեն և նաև գործադրելով որոշակի ջանքեր պետք է մասնակցենք մեր հեղափոխության հաղթական ավարտին հասնելու համար», - ասաց դերասանը։

Դիտարկմանը, թե Փաշինյանի այն քննադատները, որոնք անցած տարի ոգևորությամբ մասնակցում էին հեղափոխությանը, դժգոհում են, որ միանգամից բոլորը չլցվեցին բանտերը և հարցին լուծում չտրվեց, «թավիշից» են բողոքում, Ադամյանն այսպես արձագանքեց. - «Կան միջազգային օրենքներ, կան դեմոկրատական ուղով գնալու երկրներ։ Դե թավիշը չի նշանակում, որ հանցագործներն անպատասխան են մնալու, թավիշը դա այն է, որ չե՛նք վառելու, չե՛նք ջարդելու, չե՛նք տրաքացնելու, գոհացեք այդքանով։ Ինչ վերաբերում է նրան՝ դատելո՞ւ ենք արդյոք, թե՞՝ ոչ, պարտադիր, անպայման հանցագործները պետք է պատասխան տան, իսկ հանցագործներ, ցավոք սրտի, ունեցել ենք շատ-շատ»։

Ռեժիսորը նշեց, որ ինքը տեսնում է այդ վճռականությունը. - «Իհարկե 100 տոկոսի մոտ չեմ կարող տեսնել, բայց նաև բնական եմ համարում այդ բողոքները, էդ որ վեր են կենում տարբեր ադեկվատներ, չգիտեմ ինչեր, ընդվզողներ՝ բոլորը չակերտավոր, սա էլ հեղափոխության հետևանք է՝ լեզուները բացվել է, երեկ չէին կարող խոսել, պապանձված, տեղում նստած, ինչ կտային, այն էլ կուտեին, այսօր նույնիսկ այդ բնագավառը խոսում է այն մասին, որ իր մեջ, գիտեք, խոսելու բան է նկատել, ճիշտն ու սխալը դնենք մի կողմ, ազնիվ կամ ոչ ազնիվ, արդարացի, ոչ արդարացի, բայց որ կարող է, կամ իր մեջ ռիսկ է տեսել, սա կարծում եմ, որ հեղափոխության նվաճումներից մեկն է»։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG