Նախկինում հայտնի առաջին և երրորդ հանրակացարաններում գեթ մեկ չվնասված պատ անգամ դժվար է գտնել:
«18 տարուց ավել է, էստեղ ենք ապրում ու նույն պայմանները: Գնալով ավելի է վատանում պայմանները: Ո՛չ աշխատանք ունենք, ո՛չ էլ հույս ունենք, որ կկարողանանք էստեղից դուրս գալ», - «Ազատությանն» ասաց հանրակացարանի բնակիչներից Գեղանուշ Բզնունին:
Նրա խոսքով՝ տարիների ընթացքում ուր ասես չեն դիմել, բայց ապարդյուն․ - «Քաղաքապետ ենք ընտրել երեք տարի առաջ: Ննքն ասեց՝ ես ոչ մի բան չեմ կարող անել հանրակացարանների համար»:
Բնակիչներից յուրաքանչյուրը «Ազատության» տեսախցիկը տեսնելիս ցանկանում էր առաջին հերթին իրենց սենյակն ու ընդհանուր սանհանգույցը ցուցադրել, չնայած բոլորն էլ նույնքան անմխիթար վիճակում էին:
Բնակիչները վախենում են, որ մի օր էլ առաստաղից մի կտոր կպոկվի և կընկնի իրենցից մեկի գլխին: Ասում են՝ մինչև դժբախտ պատահար չլինի, իրենց խնդիրը չի լուծվի:
Ժելյետա Զալյանը, ով տարիների ընթացքում խնդիրը բարձրաձայնած ամենաակտիվ բնակիչներից մեկն է, հայտնեց, որ անցած տարի մարզպետարանից փաստաթուղթ են ստացել, որ մինչև 2021 թվականն իրենց հարցը լուծվելու է․ - «700 միլիոն բյուջեից գումար կհատկացնեն, և էդ հարցը կլուծեն: 19 թիվը սկսվեց, հիմա ընտրությունները սկսվում ա, լսում ենք, որ մեր քաղաքապետը ընդհանրապես էդ մասին ոչ ուզում ա խոսա: Ասում ա՝ եթե ես էդ շենքերի հարցը լուծեմ, էլ քաղաքում ոչ մի բան չեմ կարա անեմ»:
Գործող քաղաքապետի՝ ըստ մամուլի, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող, անկուսակցական Վահագն Գևորգյանի հետ զրուցել չհաջողվեց: Նրա ընդունարանից հայտնեցին, որ նա արձակուրդում է և պատրաստում է հունիսի 7-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին:
Նրա խորհրդականներից մեկը, որ չցանկացավ խոսել տեսախցիկի առաջ պնդեց, թե չորրորդ աստիճանի վթարային շենքերը համայնքի ղեկավարության խնդիրը չեն, դրանցով պետք է կառավարությունը զբաղվի։
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, ով իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է, այլ կարծիք ունի․ - «Համայնքում ցանկացած խնդիր դա համայնքի ղեկավարության, համայնքապետի ու իր ավագանու խնդիրն է: Չկա իմ ու քո: Այն դեպքում, երբ այդ քաղաքապետը 2015-ին նախընտրական թեզը կառուցել է այս խնդրի վրա և առանձնահատուկ իր նախընտրական ծրագրի առաջին կետում նշել է՝ վթարային հանրակացարանների հիմնախնդրի վերջնական լուծում»:
Անդրադառնալով քաղաքացուն ուղարկված նամակին մարզպետը պարզաբանեց՝ խոսքը սուբվենցիոն ծրագրերի մասին է․ - «Միայն համայնքը, բնականաբար, չի նման բեռի տակ մտնել: Պետական բյուջեն էլ նման միջոցներ դեռևս չունի հատկացնելու միայն մի համայնքնում միայն մեկ-երկու վթարային շենքերի լուծմանը: Դրա իդեալական ֆորմատը, որ այսօր կարողանում են կյանքի կոչել տարբեր համայնքներում մեր գերխնդիրները լուծելու համար, դա սուբվենցիոն ծրագրերն են»: