Մատչելիության հղումներ

Խուսափելով դատից՝ Քոչարյանը վկայում է, որ իսկապես մեղավոր է. Աշոտ Ադամյան


«Ազատությունը» զրուցել է դերասան, ռեժիսոր Աշոտ Ադամյանի հետ։

«Ազատություն». – Պարոն Ադամյան, Դուք Ռոբերտ Քոչարյանի ամենակոշտ քննադատներից, ընդդիմախոսներից եք եղել: Նա հիմա ասում է, որ քաղաքական հայացքների համար հետապնդվում է, վրիժառության զոհ է։

Ադամյան. – Սենց լավ խոսք կա՝ ասում է՝ դուք էլ ասեք: Ի՞նչ է արել այդ մարդը, որ այսօր պատասխանատվության է կանչվում․ եղել է իշխանության բռնազավթում, եղել է սահմանադրական կարգի տապալում: Հիմա թե տարբեր օղակներում, տարբեր կռանթիկների մոտ գտնվող, տարբեր հեռավորության վրա գտնվող մարդիկ ինչպես են նոստալգիկ պահեր ապրում անցած-գնացած կարգերի հանդեպ, դա իրենց գործն է։ Քանի որ ես կռանթիկների մոտ չեմ եղել և շատ-շատերին եմ ճանաչում, ովքեր չեն եղել, նրանք անմիջականորեն և մաշկի վրա, հոգու վրա զգացել են այդ խախտված, խեղված, իրավունքի խլման պայմաններում, անօրինության մեջ գտնվելու օր-օրի, ժամ առ ժամ, պահ առ պահ։ Պատահական չի, որ հենց էդ ժամանակահատվածում մենք ստանում ենք մի երկիր, որտեղ որ հարուստների և աղքատների միջև պոկվածությունը հասնում է իր գագաթնակետին։ Ի՞նչ ասել է մենք այսօր ունենք միլիարդատերեր, միլիոնատերեր և 30 տոկոս աղքատություն։ Հիմա ինչ ուզում է ասել այդ մարդը, այդ մարդը պետք է հասկանա մի բան․ որ ասում ես արդար ես, գնա դատարանում պատասխան տուր։ Կդնե՞ն փաստերը, փաստերի միջոցով հերքիր, իսկ խուսափելով դատից, դատաստանից՝ նա ընդամենը վկայում է, որ ինքը, այո, իսկապես մեղավոր է։

«Ազատություն». – Եթե իրեն լսենք, փաստերն էլ իր օգտին են խոսում, որովհետև կա 2008-ի Սահմանադրական դատարանի որոշում, որ ընտրությունների արդյունքները օրինական են ճանաչվել, էլ չասած, ասում է՝ «Ես սահմանադրական կարգի պաշտպանողն էի, ինքս ինձ ո՞նց պիտի տապալեի»։

Ադամյան. - Փիլիսոփայությունն էլ ունի նման բան՝ թեզ, անտիթեզ։ Երբ որ մենք որևէ օրենք ենք դնում և օրենքի կիրառման տարածք ենք տանում դա, գայլը մի ձևի է կիրառում այդ օրենքը, ոչխարը նույն օրենքը կիրառում է մի քիչ այլ կերպ: Իսկ այն, ինչի միջով անցել է այդ ժողովուրդը, որը իրեն անվանում է Հայաստանի քաղաքացի, իրե՞նց հետ ինչ անել: Իսկ այն արժանապատվությունը կորցրած մարդկանց, ովքեր որ իսկապես իրենց տապալված և ոչնչացած են զգացել, նրա՞նց հետ ինչ անել։ Թող գան պատասխան տան։

<...>

Երբ որ հեռուստատեսությամբ ես կանգնած եմ մարտի 1-ին հրապարակում, գլխավերևովս թռչում են «տրաս» փամփուշտները, և ինձ ասում են, որ զորքի ձեռքին զենք չկա, մարտական փամփուշտներ չկան, հիմա ես, ելնելով դրանից, ինչ-որ հետևություննե՞ր անեմ։ Ես այդ ուժը չունեմ, ես այդ աստիճան ինքս ինձ խաբել չեմ կարող։

«Ազատություն». – Պարոն Ադամյան, ի դեպ, Քոչարյանն ունի՞ այդ շանսը՝ միավորելու Փաշինյանից դժգոհող ուժերին, ինչ-որ բևեռ ձևավորելու։

Ադամյան. – Ես կարծում եմ, որ նրանք միավորված են, որովհետև այդ թևը, որը որ մենք համարում ենք նրա ջրաղացին ջուր լցնողներ, այո, միավորված են: Եվ դրան գումարեք նաև միջոցները, որոնք որ այսօր օգտագործվում են...

«Ազատություն». – Փո՞ղը նկատ ունեք։

Ադամյան. – Իհարկե, ուրիշ ի՞նչ։

«Ազատություն». – Չափազանցություն չէ՞, որ իրենց բռնապետ են ասում։

Ադամյան. – Իհարկե ոչ: Եթե ես իմ հլու-հնազանդ կամակատարն եմ դարձնում երկրի արդարադատությունը, լիցքավորում եմ մարդկանցով, ովքեր, ես չասեմ էլ, իրենք ինձ կծառայեն... Հետո՝ նույնքան հարվածներ են ստացել նաև, ի դժբախտություն մեզ, բոլոր ոլորտները՝ արվեստի բոլոր ժանրերը, սպորտը, այսինքն՝ համակարգային բոլոր կառույցները երկրի, այն բաղադրիչները, որոնք որ կոչվում էին Հայաստան պետություն, Հայաստանի Հանրապետություն, ստացել են նույնքան ուժգին հարվածներ և նույնքան վատ վիճակում են, ինչպես և արդարադատության համակարգը այսօր:

Հարցազրույցը կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG