Սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Այվազյանի համոզմամբ, համակարգի առողջացման համար անհրաժեշտ են նաև սահմանադրական ու օրենսդրական լուրջ փոփոխություններ: Ընդ որում, այդ բարեփոխումները պետք է իրականացվեն ոչ միանգամից, այլ՝ փուլ առ փուլ, որպեսզի դատական համակարգը չհայտնվի կոլապսում։
«Խոսքը վերաբերում է Սահմանադրության անցումային 213-րդ և 215-րդ հոդվածներին: Եվ սահմանել, որ այն բոլոր դատավորները՝ ներառյալ և Սահմանադրական դատարանի, որոնք նշանակվել են իրենց պաշտոններում մինչև 2015 թվականի Սահմանադրության ուժի մեջ մտնելը, նրանք պետք է նորից վերանշանակման գործընթացը անցնեն 2015 թվականի Սահմանադրության և նոր «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի կարգավորումներով», - մանրամասնեց Այվազյանը:
Այսօր վեթինգի թեմային անդրադարձել է նաև Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը։ Նա համոզված է, որ Հայաստանում դատավորների նկատամամբ վեթինգ չի կիրառվելու։
Հրայր Թովմասյանը tert.am-ին տված հարցազրույցում ասել է, որ ոլորտի խնդիրները հնարավոր է լուծել դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մեխանիզմները կատարելագործելու, ապագա հակակոռուպցիոն հանձնաժողովի ողջ ներուժն արդյունավետ օգտագործելու ճանապարհով:
ՍԴ նախագահը մատնանշել է միջազգային փորձը՝ ասելով, թե վեթինգը ծայրահեղ միջոց է, որը կարող է կիրառվել, երբ մնացած գործիքակազմերն ի զորու չեն այլևս առկա խնդիրները լուծելու:
«Նորանկախ երկրներում կամ հետխորհրդային երկրներում քաղաքական իշխանափոխության արդյունքում դատական իշխանափոխության դրսևորումներ կան: Դա առկա է եղել Վրաստանում, Ուկրաինայում, Չեխիայում, Ալբանիայում և մի շարք այլ երկրներում: Ակնհայտ է, որ այդ արագ փոփոխությունների փորձն այս երկրներում ոչ միայն առկա խնդիրները չի լուծել, այլ երբեմն հանգեցրել է ավելի բարդ, անգամ անլուծելի խնդիրների», - ասել է Հրայր Թովմասյանը:
Այդ երկների փորձը պետք է ուսումնասիրել, բայց չկիրառել Հայաստանում:
Սահմանադրական իրավունքի մասնագետն անհաջող է համարում վեթինգի կիրառումը մի շարք երկներում։ Ըստ Այվազյանի, Հայաստանում փոփոխությունները պետք է իրականացվեն՝ հաշվի առնելով տեղական առանձնահատկությունները:
Նա կարծում է, որ դատավորների վեթինգի (զտման, գնահատման) գործառույթը կարող է իրականացնել
Բարձրագույն դատական խորհրդին կից ստեղված առանձին հանձնաժողովը։ Ըստ Այվազյանի, գործող ԲԴԽ-ն չունի այն հեղինակությունը, որ այդ գործառույթը ստանձնի․ - «Կարող են Բարձրագույն դատական խորհրդին աջակցող մարմին ստեղծել, որովեհտև ԲԴԽ-ն ֆիզիկապես չի կարող մանրամասն էդ չափանիշների մեջ խորանալ՝ կուտակված հարստություն և այլն, և այլն: Դատական խորհուրդը պատասխանատու կդառնա նրանց բացառապես որակականության, գիտելիքների, պրոֆեսիոնալ ունակությունների համար, իսկ այդ աջակցող մարմինը արդեն այդ խնդիրներով կզբավի և կաջակցի, որպեսզի զտվի դատական համակարգը»:
Անցումային արդարադատության վերաբերյալ իշխանության արտահայտած տեսակետները սահմանադրական իրավունքի մասնագետի մոտ կարծիք են ձևավորել, թե ոչ մասնագիտական մոտեցում կա բարեփոխումների գործընթացի նկատմամբ․ - «Առայժմ ինձ մոտ տպավորությունն այնպիսին է, որ պրոֆեսիոնալ բժշկական միջամտության փոխարեն կիսագրագետ, հեքիմական գործընթացներ են իրականացվում, որոնք որևէ լավ արդյունք չեն տալու»:
Իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի համար սահմանադրական իրավունքի մասնագետի որակումներն անհասկանալի են: Նրա խոսքով՝ գնահատականներ տալ գործըթնացի վերաբերյալ այն ժամանակ, երբ կառավարությունը դեռ չի հստակեցրել, թե ինչ մեթոդաբանությամբ է իրականացվելու վեթինգը, ու ինչ փոփոխություններ պետք է տեղի ունենան դրա հետևանքով, անտրամաբանական է։
Բայց Բաղդասարյանը համամիտ է, որ դատավորների վեթինգի գործընթացը պետք է փուլ առ փուլ իրականացնել․ - «Պետք է լինի անկախ հանձնաժողով, որը պետք է ձևավորվի դատական իշխանության կողմից և ընդդիմադիր ֆրակցիաների կողմից: Այդ հանձնաժողովի անդամները պետք է իրենց հերթին անցնեն վեթինգ՝ նույն խաղի կանոններով, ինչ իրանք իրականացնելու են դատական համակարգի նկատմամբ: Որից հետո նախ դատավորներին հնարավորություն տալ վեթինգի էդ գործընթացը չանցնելու հրաժարական տալու: Բայց վեթինգ անցնելուց հետո համապատասխան իրավական ակտերի մեջ փոփոխություն կատարելու միջոցով այն անձանց արարքներում, որտեղ կհայտնաբերեն քրեորոն պատժելի արարքներ, պետք է գործերը հանձնվեն համապատասխան դատախազություն կամ ոստիկանություն կամ ՀՔԾ»:
Վեթինգը կամ ավելի պարզ՝ զտումը կիրավել է տարբեր երկներում անցումային արդարադատության ընթացքում։ Այս տերմինը Հայաստանում ինտեսիվ կիրառության մեջ մտավ վարչապետ Փաշինյանի երկու շաբաթ առաջ արած հայտարարությունից հետո, թե դատական համակարգում վիրահատական միջամտությունների անհրաժեշտություն կա: Այս հայտարարությանը նախորդել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց կալանավորումից։