Մատչելիության հղումներ

Սոցապ ծառայության 6 աշխատակցի կոռուպցիոն չարաշահումների մեղադրանքներ են առաջադրվել


Բենզալցակայան, արխիվ
Բենզալցակայան, արխիվ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունում (ՍԱՊԾ) բացահայտված՝ բենզինի և գործուղման ծախսերի հատուցման գումարների հափշտակության համար մեղադրանք է առաջադրվել նախարարության 6 աշխատակցի, այսօր հաղորդում է Գլխավոր դատախազությունը:

Անցյալ տարվա հոկտեմբերին Գլխավոր դատախազությունում ստացվել են ֆինանսների նախարարի հանձնարարագրերի հիման վրա 2017 թվականի դեկտեմբերից մինչև 2018-ի հունվար իրականացված՝ 2014-2016 թվականներին ՍԱՊԾ-ում պետական բյուջեի ծախսերի կատարմանն ուղղված գործունեության, արտաբյուջետային միջոցների գոյացման և օգտագործման ճշտության ստուգման վերաբերյալ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի գրությունը և կից փաստաթղթերը: Դրանց ուսումնասիրության արդյունքում Գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ», հարուցվել էր քրեական գործ և նախաքննություն կատարելու համար ուղարկվել Քննչական կոմիտե:

Նախաքննությամբ պարզվել է, որ 2014-ի հունվարից 2017-ի սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ՍԱՊԾ աշխատակիցների կողմից ծառայության տարբեր տարածքային բաժիններ երթևեկելու և գործուղման մեկնելու համար ծառայողական ավտոմեքենաները վառելիքով ապահովելու նպատակով ներկայացված զեկուցագրերի, երթևեկելու թույլտվություն տալու բանավոր դիմումների հիման վրա ծառայության պետի և աշխատակազմի ղեկավարի կողմից արձակվել են համապատասխան հրամաններ: Դրանց հիման վրա հատկացվել է ընդհանուր 9 հազար 307 լիտր բենզին: Սակայն նախաքննությամբ պարզվել է, որ ծառայության աշխատակիցներն իրականում գործուղումների չեն մեկնել և շահադիտական դրդումներով խարդախությամբ հափշտակել են հատկացված բենզինը՝ պետությանը պատճառելով ընդհանուր 3 միլիոն 567 հազար 800 դրամի առանձնապես խոշոր չափի վնաս, ասված է հաղորդագրությունում:

Ըստ դատախազության՝ հիմնավորվել է նաև, որ աշխատակիցների կողմից ծառայության աշխատակազմ են ներկայացվել համապատասխան տարածքային բաժիններ գործուղված լինելու հանգամանքը հավաստող՝ տարածքային բաժինների պետերի ստորագրությամբ և կնիքով հաստատված պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող կեղծ գործուղման վկայականներ: Դրանց հիման վրա խաբեությամբ հափշտակվել է ընդհանուր 636 հազար 400 դրամ գումար:

Բավարար ապացույցների հիման վրա Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 6 աշխատակցի՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և ռիսկերի կառավարման վարչության պետ, տնտեսական բաժնի պետ, երկու գլխավոր մասնագետ, պարետ, խորհրդատու, մեղադրանքներ են առաջադրվել Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 1.1-րդ, 2-րդ՝ «խարդախությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, խոշոր չափերով», 314-րդ հոդվածի 1-ին՝ «պաշտոնեական կեղծիքը», 325-րդ հոդվածի 1-ին մասով՝ «փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը»:

Արձանագրված խախտումներով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է: Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG