«Երբեք մի սպառնացեք Իրանին», - ամերիկյան ABC հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում նախօրեին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
Նրա խոսքով՝ Իրանի հասցեին հնչող սպառնալիքները որևէ արդյունքի չեն հանգեցնելու: «Փորձեք հարգալից վերաբերմունք ցուցաբերել: Գուցե դա աշխատի», - ամերիկյան հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է Զարիֆը:
Խոսելով Իրանի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցների մասին` արտգործնախարար Զարիֆը զգուշացրել է, որ դրանք ի վերջո կարող են շատ լուրջ բարդությունների հանգեցնել:
Նախարարն անդրադարձել է նաև Իրանի ռազմածովային ուժերի` Պարսից ծոցում իրականացվող ուժեղացված հսկողությանը, նշելով, որ նման քայլի պատճառը ամերիկյան ուժերի շարունակվող կուտակումն է այս շրջանում:
«Պատահական չէ, որ մենք այդ վայրը կոչում ենք Պարսից ծոց: Մենք ի վերջո պաշտպանվելու իրավունք ունենք: Պատկերացրեք միայն, թե ինչ զգացողություններ կունենայիք դուք, ինչ քայլերի կդիմեիք, եթե Իրանը հանկարծ ռազմանավեր ուղարկեր Կալիֆորնիայի կամ Ֆլորիդայի ափամերձ գոտի», - նշում էր Զարիֆը: