«Մենք դեռ որևէ առաջարկ Վաշինգտոնից Ճապոնիայում Պուտին-Թրամփ հանդիպում կազմակերպելու մասին չենք ստացել», - երեկ հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Ճապոնիայում հունիսի 28-29-ը, հիշեցնենք, անցնելու է Մեծ քսանյակի գագաթնաժողովը:
Մայիսի 22-ին Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը չէր բացառել, որ առաջիկայում կկայանա Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահների հանդիպումը: «Մենք կոնկրետ առաջարկ դեռ չենք ստացել, բայց հանդիպումը հնարավոր է: Ամենայն հավանականությամբ, բանակցությունները կկայանան», - ասել էր Ռյաբկովը:
Իսկ ավելի վաղ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էր հույս հայտնել, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների միջև ճապոնական Օսակա քաղաքում կկայանան լիարժեք բանակցություններ:
Պուտինն էլ, իր հերթին, ավելի վաղ ասել էր, որ Ռուսաստանը պատրաստ է վերսկսել երկխոսությունը ԱՄՆ-ի հետ, և Մեծ քսանյակի գագաթնաժողովը հարմար հարթակ է երկու երկրների ղեկավարների բանակցությունները կազմակերպելու համար:
Մոսկվան, սակայն, ակնկալում է, որ քանի որ ռուս-ամերիկյան բանակցությունների նախաձեռնողը Վաշինգտոնն է, հանդիպում կազմակերպելու մասին կոնկրետ առաջարկ պետք է Վաշինգտոնը անի:
Առաջին անգամ Պուտին-Թրամփ հնարավոր նոր բանակցությունների մասին հայտնի դարձավ ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի Սոչի այցից հետո, որի շրջանակում նա հանդիպել էր Ռուսաստանի և՛ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, և՛ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Հիշեցնենք՝ Փոմփեոն Սոչի էր այցելել մայիսի 14-ին, և արդեն երկու շաբաթ է՝ Մոսկվան սպասում է, որ Սպիտակ տունը կառաջարկի բանակցություններ անցկացնել Ճապոնիայում Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում: