Մատչելիության հղումներ

«Դեռևս լավ չենք պատկերացում, թե ինչ կարող ենք առաջարկել ԱՄՆ-ին». ԼՀԿ պատգամավոր


«Մենք դեռևս չունենք լավ պատկերացում, թե ինչ կարող ենք առաջարկել Միացյալ Նահանգներին», - «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Դիտարկմանը, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկուն հրավիրել է Վաշինգտոն, իսկ քանի ամիս է անցել, բայց դեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանին չեն հրավիրել, Բաբաջանյանն այսպես արձագանքեց. - «Այո՛, բայց հաշվի առնենք, թե մենք ինչ ենք առաջարկում Միացյալ Նահանգներին։ Միացյալ Նահանգների նոր վարչակարգն, ըստ էության, նոր քաղաքականությունն, ամբողջությամբ փոխել է իր վարքագիծը։ Թրամփը Օբաման չէ, Ջորջ Բուշ կրտսերը չէ, որ ժողովրդավարությունը դարձնի իր համար նպատակ և ամբողջ աշխարհում ժողովրդավարության ձգտող ժողովուրդներին ամերիկյան աջակցություն հայտնի։ Թրամփի համար ժողովրդավարությունը չունի այն նույն արժեքը, ինչ որ իր նախորդներն ունեին։ Թրամփն ուզում է հասկանալ, թե այն երկիրը, որը ուզում է խորացնել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, ի՞նչ ունի առաջարկելու իրեն, և ես կարծում եմ, որ այստեղ է, որ մենք դեռևս չունենք լավ պատկերացում, թե մենք ինչ կարող ենք առաջարկել»։

Բաբաջանյանը նշեց՝ Հայաստանը, միևնույն ժամանակ, ունի մինչև վերջ չձևավորված հարաբերություններ Ռուսաստանի հետ և այդ պատճառով կաշկանդված է լիարժեք առաջարկ ներկայացնելու, հարաբերությունների հայեցակարգ ներկայացնելու Միացյալ Նահանգներին։

«Կարծում եմ, որ սա ժամանակի խնդիր է, և վերջին այցերը Միացյալ Նահանգների պաշտոնյաների բավական, իմ ունեցած տեղեկություններով, սրբագրում է այս բացը, և պաշտոնյաների հետ ունեցած հանդիպումներում մեծ մասով, կարծում եմ, որ Հայաստանի համար էլ հասկանալի է դառնում Միացյալ Նահանգների ակնկալիքը, և ժամանակի մեջ մենք, կարծում եմ, կսրբագրենք», - ասաց պատգամավորը։

Հունիսի 1-ին ուկրաինական լրատվամիջոցները գրեցին, որ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկուն հրավիրել է Վաշինգտոն: Հետագայում այդ լուրը հաստատեց նաև Զելենսկին: Ուկրաինայի նախագահի` Վաշինգտոն կատարելիք այցի ժամկետներն առայժմ հստակեցված չեն:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG