Այսօր նշվում է երեխաների պաշտպանության միջազգային օրը։ Բաղրամյան պողոտան վաղ առավոտից փակ էր՝ երեխաներին նվիրված միջոցառումներն իրականացնելու համար.
Միջոցառումներին ներկա էին նաև Ազգային ժողովի նախագահը, պատգամավորներ, կառավարության անդամներ:
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը «Ազատության» հետ զրույցում կարևորեց երեխաների իրավունքների պաշտպանությունը:
«Մի կողմից թվում ա, թե հայ հասարակությանը և հայ ընտանիքին միշտ հատուկ ա սերը և ուշադրությունը երեխաների նկատմամբ և դա շատ լավ ա: Ցավոք սրտի, կան նաև դեպքեր, ընտանիքներ՝ և դրանք քիչ չեն, որտեղ երեխաների նկատմամբ նույնիսկ բռնություն է գործադրվում: Մենք պետք ա կարողանանք գրագետ արշավ տանել: Իհարկե, եթե բանը բանից անցնում ա, պետք ա իրավապահները միջամտեն, բայց ավելի շատ կրթական արշավների, իրազեկման արշավների միջոցով պիտի փորձենք էդ բանը հաղթահարել», - մեկնաբանեց ԱԺ նախագահը:
Մանկությունը խաղաղ անցկացնելու համար երկու պայման նշեց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը. - «Մեր թիվ 1 խնդիրը խաղաղություն ապահովելուն միտված բոլոր ողջամիտ քայլերն իրականացնելն է, որովհետև գիտեք՝ մենք ունենք սառեցված հակամարտություն: Ինքս, որպես երեխա, տեսել եմ, թե դա ինչ ա, եթե խաղաղություն չկա: Եվ երկրորդը՝ լավ կրթություն: Երեխաներին պետք է կարողանանք լավ կրթությամբ ապահովել, այնպիսի կրթություն, որ 21-րդ դարում, գիտելիքի դարում, նոր տեխնոլոգիաների այս դարում մենք ուղղակի կարողանանք աշխարհում առաջատարներից լինենք»:
Կրթության նախարար Արայիկ Հարությունյանն ընդգծեց՝ կրթական իրավունքի հետ կապված աշխատանք կա անելու. - «Բայց ամեն ինչ անում ենք, որպեսզի կրթության իրավունքը հավասար պաշտպանված լինի և լավ կրթությունը, որակյալ կրթությունը հավասար հասանելի լինի բոլորի համար»:
Երեխաների պաշտպանությունը միայն մեկ օրվա տոն չպետք է լինի։ Այն ամենօրյա քրտնաջան պաշտպանություն է պահանջում, երեխաների նկատմամբ սերն ու հոգատարությունը պետք է լինի 365 օր, ասում է՝ «Ընտանիք և համայնք» Հասարակական կազմակերպության նախագահ Քնարիկ Գարանֆիլյանը։ - «Մենք ունենք բռնություն երեխաների հանդեպ, ունենք մանկալքություն, ունենք երեխաներ, որոնք չեն ապրում ընտանիքում և ապրում են հաստատություններում, և այսօր շատ ուրախ եմ, որ գնում է գործընթաց՝ երեխաներին հաստատություններից դուրս բերելու և ընտանիքներ վերադարձնելու, ունենք հաշմանդամ երեխաներ: Խնդիրները շատ են, բայց չունենք այն ծառայությունները, ովքեր որ կկանգնեին երեխայի, ընտանիքի կողքին և կօգնեին, որպեսզի այդ երեխաները նույնպես կարողանան օգտվել իրենց իրավունքներից», - ասում է Գարանֆիլյանը: