Մատչելիության հղումներ

Պաղեստինյան խնդրի կարգավորման ամերիկյան ծրագիրը պատմական հանցագործություն կարող է դառնալ․ Հասան Նասրալա


Լիբանանում գործող իրանամետ «Հեզբոլա» շարժման առաջնորդ շեյխ Հասան Նասրալան հայտարարում է, որ իր ղեկավարած քաղաքական ուժը ընդդիմանալու է Վաշինգտոնի հեղինակած մերձավորարևելյան կարգավորման ծրագրին:

«Դա անարդարության վրա հիմնված մի ծրագիր է, որի հետևանքով արաբները և մահմեդականները կորցնելու են իրենց հողերը և սրբավայրերը: Բոլոր չափանիշներից ելնելով՝ այդ ծրագրի կյանքի կոչումը պատմական հանցագործություն կլինի:Այդ ծրագրին հարկավոր է ընդդիմանալ բոլոր հնարավոր միջոցներով», - հայտարարել է Նասրալան ուրբաթ երեկոյան Բեյրութում կայացած հանրահավաքի ժամանակ:

Մերձավորարևելյան կարգավորման հեղինակը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և ավագ խորհրդական Ջարեդ Քուշներն է: Ծրագրի առաջին փուլի հիմքում Գազայի հատվածի և Հորդանանի արևմտյան ափի տնտեսական զարգացումն է առանց քաղաքական խնդիրների լուծման:

Պաղեստինյան աղբյուրների պնդմամբ՝ Վաշինգտոնը այս ծրագրով հրաժարվում է երկու պետությունների ստեղծման սկզբունքից, որը 90-ականների սկզբից եղել է Մերձավոր Արևելքում իրականացվող ամերիկյան դիվանագիտության հիմքը:

Ակնկալվում է, որ կարգավորման ամերիկյան նախագիծը առաջին անգամ պաշտոնապես կներկայացվի մի քանի շաբաթից Բահրեյնում կայանալիք միջազգային համաժողովի ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG