Մատչելիության հղումներ

«Մխիթար Գոշ» համալսարանի ղեկավարության և հնդիկ ուսանողների մասնակցությամբ ժողով է գումարվել


«Մխիթար Գոշ» համալսարանի ուսանող Աբիշեք Քարտիկ
«Մխիթար Գոշ» համալսարանի ուսանող Աբիշեք Քարտիկ

Պատճառն այն է, որ որոշ ուսանողներ պնդում են, թե համալսարանում ապօրինություն է տեղի ունեցել։

«Ազատությունը» երեկ պարզեց, որ ուսումնական հաստատության «Բուժական գործ» ծրագիրը, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի կողմից հավատարմագրում դեռ չի ստացել, Կրթության և գիտության նախարարության լիցենզավորման գործակալությունից էլ հայտնեցին, որ առանց հավատարմագրի ուսանողները պետական դիպլոմ չեն կարող ստանալ։

Ուսանողների հետ զրուցում էր բժշկական ֆակուլտետի դեկան Անահիտ Անտոնյանը: Շուրջ երկու ժամ տևած քննարկումից հետո նա պարզաբանումներ տվեց «Ազատությանը»․ - «Հավատարմագրման պրոցեսը 4-6 ամիս տևող պրոցես է: Մենք արդեն երրորդ փուլում ենք գտնվում, սպասում ենք մեր հավատարմագրմանը»:

Ֆակուլտետի դեկանը վստահեցնում է՝ մինչև հաջորդ ուսումնական տարվա սկիզբ գործընթացը կավարտեն, և ուսանողները փաստաթղթերի որևէ խնդիր չեն ունենա։ Չնայած բուհի ղեկավարության պնդումներին՝ հնդիկ ուսանողների մի մասը ցանկանում է երկրորդ կուրսը շարունակել այլ բուհում, թեև «Մխիթար Գոշում» ուսանելու համար շուրջ 4 հազար դոլար գումար են վճարել:

«Այո, այս տարի որ ավարտեն, սեպտեմբերից կարող են այլ բուհ տեղափոխվել, ուրիշ հարց է այլ բուհը կընդունի՞ նրանց, թե՞ ոչ», - նշեց Անտոնյանը:

Շուրջ յոթ տանսյակ հնդիկներին Հայաստան է բերել Med studies հնդկական ընկերությունը, որին ուսանող Աբիշեք Քարտիկը «Ազատության» եթերում մեղադրեց իրենց խաբելու մեջ: Այս կրթական ծրագրով ուսանում են միայն հնդիկները, համալսարանը համագործակցում է ընկերության հետ:

Անահիտ Անտոնյանը պարզաբանում է, թե ինչպես գոյանում այդքան գումարը․ - «Կազմակերպությունը հոգում է ուսանողների բոլոր ծախսերը՝ սկսած Հնդկաստանում ուսանողական վիզա ստանալու, փաստաթղթերի թարգմանությունների, փաստաթղթերի՝ Հայաստանի Հանրապետությունում ճանաչվող կնքման, ինքնաթիռի տոմսերի Հայաստանում նրանց դիմավորելու, հանրակացարանում նրանց տեղավորելու, 3 անգամ կերակրելու, ավտոբուսով համալսարան և համալսարանից հանրակացարան և ուսման վարձ»:

Փորձեցինք ճշտել, թե որքան է վարձավճարը: Դեկանն ասաց, որ ինքը տեղյակ չէ, հաշվապահությունը կիմանա: Աշխատակիցներից մեկն էլ հայտնեց՝ հաշվապահը Երևանում չէ, նրա գրասենյակը համալսարանի իրավաբանական հասցեում է գտնում՝ Վանաձորում: Փաստաթղթերը տեսնել չհաջողվեց, աշխատակիցները մի սենյակ մտան և մի քանի րոպե անց վերադարձան ու հայտնեցին, թե ուսման վարձը տարեկան 800 հազար դրամ է։

Սակայն կրթության և գիտության նախարարության 2018-2019 ուստարվա վարձավճարների մասին փաստաթղթում այլ թիվ է գրված՝ 250 հազար դրամ։

Բացի այդ, Արտգործնախարարոթյան կայքից պարզ է դառնում, որ ՀՀ մուտքի արտոնագիր ստանալու համար վճարը կեցության տարբեր ժամանակահատվածների համար տատանվում է 3-40 հազար դրամի շրջանակում, այսինքն հավելյալ վճարների կարիք ըստ էության չկա:

Քննարկման ավարտին «Ազատությունը» զրուցեց նաև ամենաակտիվ բողոքողի՝ Աբիշեք Քատրիկի հետ: Դեկանը ցանկություն հայտնեց ներկա գտնվել և լսել, թե ինչ է ասելու իր ուսանողը: Աբիշեքն էլ հավաստիացրեց, որ այդտեղ որևէ խնդիր չի տեսնում և չի կաշկանդվի․ - «Այսօրվա հանդիպման ընթացքում մեզ ասացին, որ ամեն ինչ լավ կլինի: Մենք դեռ սպասելու ենք: Հստակություն կմցնի նախարարությունը: Արդեն նամակ ենք ուղարկել, հնարավոր է մեզ պատասխանեն 30 օրվա ընթացքում»:

Աբիշեքի խոսքով, ղեկավարությունը հորդորել է սպասել նախարարության պատասխանին․ - «Ասեցին՝ դուք ամեն հարցի պատասխան էլ կունենաք, եթե ոչ՝ նոր կարող եք ինչ-որ քայլի դիմել»:

Ուսանողն այժմ պատրաստվելու է քննություններին: Ասում է, որ առաջին կիսամյակը լավ գնահատականներով է փակել, որից հետո, չնայած ղեկավարության պնդումներին, որ հավատարմագրման հետ կապված որևէ խնդիր չի լինի, Աբիշեքը որոշել է հաջորդ ուսումնական տարին սկսել այլ բուհում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG