«Հյուսիսային Կորեայում գնդակահարվել է երկրի արտգործնախարարության` Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների համար պատասխանատու ողջ թիմը», - այսօր գրում են հարավկորեական և արևմտյան լրատվամիջոցները:
Պարբերականների պնդմամբ՝ պաշտոնական Փհենյանը հենց այս դիվանագետներին է պատասխանատու համարում Կիմ Չոն Ունի և Դոնալդ Թրամփի` Վիետնամի մայրաքաղաք Հանոյում փետրվարի վերջին կայացած բանակցությունների տապալման համար:
Սեուլում լույս տեսնող խոշորագույն պարբերականի` «Չոսուն Իլբո»-ի տեղեկություններով, մասնավորաբար, մահապատժի է ենթարկվել Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների գծով հատուկ բանագնաց Կիմ Հյոկ Չոլը, որին հյուսիսկորեական իշխանությունները «ամերիկացի իմպերիալիստների կողմից հավաքագրվելու և գերագույն առաջնորդին դավաճանելու» մեղադրանք են ներկայացրել: Չոլից բացի գնդակահարվել են Հյուսիսային Կորեայի արտգործնախարարության ևս չորս բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց ևս կասկածել են Միացյալ Նահանգների օգտին լրտեսական գործունեություն ծավալելու մեջ:
Հարավկորեական մամուլի տեղեկություններով՝ դիվանագետների սպանությունը տեղի է ունեցել մարտին: Նրանց նախ հարցաքննել են, ապա` գնդակահարել: Այդ ամենը տեղի է ունեցել Փհենյանի արվարձաններից մեկում գտնվող «Միրիմ» ավիաբազայի տարածքում:
Մահապատժի ենթարկված դիվանագետները ամիսներ շարունակ զբաղված էին Դոնալդ Թրամփի և Կիմ Չոն Ունի` Հանոյում փետրվարին կայացած բանակցությունների նախապատրաստմամբ:
«Հանոյում կայացած այդ բանակցությունների ընթացքում Հյուսիսային Կորեայի ղեկավարը Թրամփից պահանջեց վերացնել իր երկրի դեմ սահմանված առավել ցավոտ պատժամիջոցները` փոխարենը խոստանալով ապամոնտաժել միջուկային օբյեկտների մի մասը: Թրամփը, սակայն, այս առաջարկը մերժեց` պահանջելով, որպեսզի Փհենյանը դեռ մինչև պատժամիջոցների վերացումը ամբողջությամբ հրաժարվի միջուկային ծրագրի իրագործումից», - գրում է The New York Times-ը:
Ամերիկյան պարբերականի տեղեկություններով` արևեմտյան վերլուծաբանները Հանոյի գագաթնաժողովից հետո շաբաթներ շարունակ փորձում էին հասկանալ, թե ինչո՞ւ հյուսիսկորեացի դիվանագետների թիմը իր ղեկավարին չէր նախապատրաստել բանակցությունների նման անբարենպաստ ելքին, ինչի հետևանքով Չինաստանի ողջ տարածքով գնացքով Վիետնամ ժամանած Կիմ Չոն Ունը դատարկաձեռն վերադարձել էր հայրենիք:
Ամերիկյան թերթը նաև տեղեկացնում է, որ Կիմ Չոն Ունը և Դոնալդ Թրամփը Հանոյի բանակցությունների ժամանակ, հակառակ ընդունված կարգի, նախնական համաձայնագրի տեքստ չեն ունեցել: «Երկու երկրների դիվանագետներն ակնկալում էին, որ պետությունների ղեկավարներն իրենք կկարողանան լուծել ամենասուր խնդիրները, որոնք տասնամյակներ շարունակ խոչընդոտում էին բանակցությունների ընթացքին», - գրում է ամերիկյան մամուլը:
Հարավկորեական թերթերի տեղեկություններով՝ արտգործնախարարության պաշտոնյաներից բացի բռնաճնշումների է ենթարկվել նաև Հյուսիսային Կորեայի ղեկավարի առաջին տեղակալ Կիմ Յոն Չոլը, որին, որոշ տեղեկությունների համաձայն, ձերբակալել են՝ ուղարկելով երկրում գործող աշխատանքային ճամբարներից մեկը: Սեուլյան մամուլի տեղեկություններով, դրա նպատակը նախկին բարձրաստիճան պաշտոնյայի այսպես կոչված «գաղափարական վերադաստիարակությունն» է: Կիմ Յոն Չոլը մինչև ձերբակալությունը զբաղեցնում էր նաև Հյուսիսային Կորեայի միջուկային խնդիրներով գլխավոր բանագնացի պաշտոնը: Անցած տարվա հուլիսին հյուսիսկորեացի պաշտոնյան Փհենյանում բանակցություններ էր անցկացրել Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ: Մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվել է նաև Կիմ Չոն Ունի թարգմանիչը` Հանոյի բանակցությունների ընթացքում թույլ տված սխալի համար:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն այսօր Բեռլինում հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունները փորձում են ստուգել հյուսիսկորեացի դիվանագետների սպանության մասին տեղեկությունների իսկությունը: Հարավային Կորեայի իշխանությունները ևս հայտնում են, որ դիվանագետների գնդակահարության մասին որևէ պաշտոնական տեղեկատվության առայժմ չեն տիրապետում:
Անուղղակի որոշ նշաններ, այդուհանդերձ, վկայում են, որ բռնաճնշումների մասին տեղեկությունները, ըստ ամենայնի, համապատասխանում են իրականությանը: Դրանցից մեկը Հյուսիսային Կորեայում լույս տեսնող գլխավոր պաշտոնաթերթում` «Ռոդոն Սինմուն»-ում հինգշաբթի օրը լույս տեսած հրապարակումն է, որում մասնավորաբար հիշատակված են «մի շարք պատոնյաների հակակուսակցական և հակահեղափոխական գործողությունները»:
«Այդ պաշտոնյաները ձևացնում են, թե աշխատում են գերագույն առաջնորդի համար: Իրականում, սակայն, նրանք առաջնորդի թիկունքում միանգամայն այլ երազանքներ են փայփայում», - գրել է հյուսիսկորեական պաշտոնաթերթը: