Մատչելիության հղումներ

«Հյուսիս֊հարավի» ենթակապալառուները 1.5 ամիս կսպասեն կառավարության ու «Կորսան Կորվիամի» բանակցությունների ավարտին


«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինարարությունն իրականացնող իսպանական «Կորսան Կորվիամ» ընկերությունը օգոստոսից չի վճարել մոտ 2 տասնյակ ենթակապալառու ընկերությունների իրականացրած աշխատանքների համար։

Ըստ այդ ընկերությունների, «Կորսան Կորվիամը» իրենց պարտք է ավելի քան 2 միլիարդ 276 միլիոն դրամ։ Կապալառու ընկերություններն ի նշան բողոքի երեկ փակել էին Աշտարակ-Ուջան ճանապարհահատվածը։ Այսօր նրանց մի մասին կառավարությունում են ընդունել։

«Կառավարությունում ձեռք բերեցինք պայմանավորվածություն, որ ամիսուկես սպասելու ենք, որպեսզի այս հարցը հանգուցալուծվի։ Մենք ոչ մի տեսակ ակցիաներ չենք անի ամիսուկես», - այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ժակշին» ենթակապալառու ընկերության հիմնադիր Գուրգեն Հովհաննիսյանը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն էլ հավելեց․ - «Համաձայնության ենք եկել, որ Հայաստանի կառավարության հետ վերջնաժամկետներով կամ ճանապարհներ փակելով՝ մեր հարաբերությունները այդ ձև չպետք է լինեն»:

Մեկուկես ամիս ժամկետը կառավարությունն է խնդրել․ Սիսեռյանի խոսքով՝ այդ ընթացքում իրենք բանակցելու են «Կորսան Կորվիամ» ընկերության հետ։

«Ես հուսով եմ, որ այս 1.5 ամիսների ընթացքում զարգացումներ կունենանք», - նշեց նա:

«Կորսան Կորվիամ» ընկերության ենթակապալառու ընկերությունների իրավաբան Արմեն Սաքապետոյանն ասաց՝ օգոստոսից գումար չստացած ընկերությունները խնդրի լուծման իրենց տարբերակն են առաջարկել․ «Կորսան Կորվիամ» ընկերության փոխարեն կառավարությունն իրենց վճարի մինչ պարզ լինի՝ ով ում է նկատմամբ պարտավորություն ունի։

«Օրինակ, վերջում, եթե պարզվի, որ պետությունն է պարտք «Կորսանին» 10 միլիոն, ապա պետությունը վճարված հինգ միլիոն գումարի չափով կնվազեցնի ու կվճարի 5 միլիոն, եթե կպարզվի, որ «Կորսանն» է պարտք 10 միլիոն, ապա կստացվի՝ «Կորսանը» արդեն պետությունը պարտք է ոչ թե 10 միլիոն, այլ 15 միլիոն», - իրենց առաջարկը ներկայացրեց Սաքապետոյանը:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Բագրատ Բադալյանը կրկին պնդում է՝ կառավարությունն ամբողջությամբ վճարել է «Կորսամ Կորվիամ» ընկերությանը կատարած աշխատանքների համար։ Ասում է՝ դիտարկում են նաև ընկերությունների առաջարկած տարբերակը։ Խոսքը կառավարության կողմից իսպանական ընկերությունից պահված գումարների մասին է։

«Յուրաքանչյուր կատարողականից 10 տոկոսի չափով պահվում է հետագա ճշտումների և, երաշխիքային ժամկետի դեպքում, եթե ի հայտ գան թերություններ, որոնք չվերացվեն կապալառուի կողմից, հնարավոր լինի այդ միջոցների հաշվին իրականացնել: Այսինքն՝ մենք այդ միջոցները ամբողջությամբ ծախսել չենք կարող», - պարզաբանեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարը:

Բագրատ Բադալյանի խոսքով՝ թեև «Կորսան Կորվիամը» սնանկացման գործընթացում է, կառավարությունից ստացած գումարներ ունի, որոնք էլ կարող է տրամադրել ենթակապալառու ընկերություններին։

«Իրենք ունեն միջոցներ, քանի որ մենք իրենց վճարել ենք, կա նաև կանխավճար տրված: Իրենք պետք է կազմակերպեն իրենց աշխատանքը արդյունավետ և կարողանան վճարել», - նշեց նա:

Իսպանական ընկերությունից արդեն 2 օր է՝ հրաժարվում են պատասխանել մեր հարցերին, թե արդո՞ք կարող են վճարել ենթակապալառու ընկերություններին և արդյո՞ք կառավարությունից ամբողջությամբ ստացել են ֆինանսավորումը։

«Հյուսիս-հարավ» ճանապարհի ծրագրի իրականացման ընթացքում արձանագրված չարաշահումների դեպքերի վերաբերյալ անցած տարի սեպտեմբերին քրեական գործ է հարուցվել։ Իսպանական «Կորսան Կորվիան» ևս անցում է այդ գործով։ Ըստ Գլխավոր դատախազության՝ «Հյուսիս-Հարավ»-ի ծրագրին վերաբերող քրեական գործի նախաքննությամբ «անապրանք» գործարքների, հարկերի վճարումից խուսափելու և այլ բազմաթիվ հանցավոր դրսևորումներ են բացահայտվել։ Քննչական կոմիտեից «Ազատությանը» ավելի վաղ հայտնել էին՝ նշանակված է շինարարական փորձաքննություն ճանապարհի բետոնե որակը ստուգելու համար։ Քրեական գործով ավելի քան 500 անձ է հարցաքննվել, նաև նախկին նախարարներ։ Այդ նույն գործով Քննչական կոմիտեն բազմաթիվ խուզարկություններ է իրականացրել, նաև օրերս խուզարկվել է Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբոր՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Բեգլարյանին պատկանող տարածքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG