Մատչելիության հղումներ

Նորամարգում սպանության փորձ կատարելու դեպքով հարուցվել է քրգործ. ՔԿ


Ոստիկանները դեպքի վայրում, Նորամարգ, 30-ը մայիսի, 2019թ.
Ոստիկանները դեպքի վայրում, Նորամարգ, 30-ը մայիսի, 2019թ.

Հարուցվել է քրեական գործ՝ 60-ամյա տղամարդու կողմից Նորամարգ գյուղի բնակիչների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ, հաղորդում է Քննչական կոմիտեն։

Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով:

Ըստ հաղորդագրության, մայիսի 30-ին՝ ժամը 15:25-ին, «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղում հրազենային վնասվածք ստացած անձինք կան:

«Նախնական տվյալներով՝ մայիսի 30-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1959թ., Արարատի մարզի Նորամարգ գյուղի տներից մեկում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է նախկին կնոջ և վերջինիս ամուսնու հետ, որի ընթացքում 60-ամյա տղամարդը ձեռքին եղած երկու նռնակները նետել է նախկին կնոջ, նրա ամուսնու և ընտանիքի մյուս անդամների ուղղությամբ, որոնց թվում եղել է նաև 2018թ. ծնված մանկահասակ երեխա: Վերջիններս պայթյունի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն», - ասված է հաղորդագրությունում:

Նույն օրը բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ կնոջ ներկայիս ամուսինը՝ ծնված 1959-ին, ստացած վնասվածքներից բժշկական կենտրոնում մահացել է:

«Քրեական գործով իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձի բնակության վայրում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է երկու նռնակ:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ 60-ամյա տղամարդուն հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG