Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր պատգամավոր․ Տպավորություն է, որ ինչ-որ մեկին պետք է իր նախընտրելի թեկնածուին բերել-խցկել ՍԴ


ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոյան (ԲՀԿ)

«Բարգավաճ Հայաստան»-ից Գևորգ Պետրոսյանը կարծում է, որ Սահմանադրական դատարանի անդամի թեկնածուները չեն ընտրվում Հանրապետության նախագահի ու վարչապետի թիմի միջև եղած հակասության պատճառով։

Ընդդիմադիր պատգամավորը տպավորություն ունի, որ իշխանական խմբակցությունն իր աչքի տակ թեկնածու ունի, դրա համար է տապալում ընտրությունը։

Գործող խորհրդարանը երեկ չընտրեց նախագահ Սարգսյանի առաջադրած երկրորդ թեկնածուին, ևս երկուսին նախորդ Ազգային ժողովն էր մերժել:

Հայտարարած բաց մրցույթի 9 հավակնորդներից նախագահը որոշել էր առաջադրել իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Վաղարշյանին։

Ի տարբերություն կողմ քվեարկելու ընդդիմադիրների որոշմանը, իշխանական «Իմ քայլը» երեկ իր պատգամավորներին ազատ ընտրության հնարավորություն էր տվել: Իսկ թեկնածուի ընտրվելը կախված էր բացառապես մեծամասնության ձայներից՝ պետք էր առնվազն 80 կողմ քվե, իսկ երկու ընդդիմադիր խմբակցությունները միասին ունեն 44 մանդատ:

«Ես այն կարծիքին չեմ, որ Հանրապետության նախագահը ծանր ու թեթև չի անում, թե ում թեկնածությունն առաջադրի, որովհետև էստեղ ամենաառաջինը նաև իր հեղինակության խնդիրն է: Եվ տպավորություն է ստեղծվում, որ բացարձակապես արդեն կարևոր չէ, թե Սահմանադրական դատարանում ով կհայտնվի՝ որակի, մասնագիտական պատրաստվածության, գործնական մյուս հատկանիշների [առումով]: Այսինքն տպավորություն է, որ ինչ-որ մեկին պետք ա իր համար նախընտրելի թեկնածուին բերել-խցկել Սահմանադրական դատարան: Դա բացարձակապես չի բխում Հայաստանում սահմանադրական արդարադատության շահերից», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գևորգ Պետրոսյանը:

Արարատ Միրզոյան
Արարատ Միրզոյան

Ազգային ժողովի նախագահ Արարարտ Միրզոյանը հերքում է, թե նախագահ Արմեն Սարգսյանի հետ հակասություններ ունեն․ - «Բոլորովին դեմարշի՝ իր կողմից մեր, մեր կողմից իր նկատմամբ, չկա: Նախագահը իրավասություն ունի առաջադրել թեկնածու, Ազգային ժողովը իրավասություն ունի ընտրել կամ չընտրել այդ թեկնածուին: Այս գործընթացը պետք է շարունակվի այնքան, մինչև Ազգային ժողովի և նախագահի պատկերացումները համընկնեն»:

Իշխանական պատգամավորները պնդում են, թե իրենք ունեն չափանիշներ, որոնց ներկայացված թեկնածուները չեն բավարարել:

Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյան. - «Առավել ևս այսօրվա դիսկուրսի պարագայում մեր պատգամավորները շատ ավելի պահանջկոտ են, բարձր չափանիշներից ելնելով են ուզում որոշում կայացնել: Դա է պատճառը: Որևիցե քաղաքական հակամարտություն որևիցե պետական կառույցի հետ չկա»:

Էդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյան

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծում է, որ խնդիրը հենց թեկնածուներն են, «Իմ քայլը» նրանց մեջ համախոհներ է փնտրում․ - «Եթե «Իմ քայլի» պատգամավորները կարծում եմ, որ, օրինակ, դատարանների մուտքերն ու ելքերը փակելը շատ ճիշտ բան է, և դատավորին հարց են տալիս, պարզ է, չէ՞, որ ուզում են ստուգեն դատավորին: Ասում են՝ այ, օրինակ, Դուք ի՞նչ կարծիքի եք, դա ճի՞շտ բան է, թե՞ոչ: Ակնհայտ գիտեն, որ նա, ունենալով իրավաբանի դիպլոմ, սահմանադրական իրավունքի մասնագետ է, պետք է ասի, որ դա սխալ բան է: Հենց ասում է սխալ բան է, ասում են՝ ըհը, պարզ ա, ու կտրվեցիր դու: Եվ էդ ձևով փորձում են ընտրել Սահմանադրական դատարանի դատավոր: Ես կարծում եմ, որ դա անթույլատրելի է»:

Վահագն Հովակիմյան
Վահագն Հովակիմյան

«Իմ քայլից» Վահագն Հովակիմյանը հակառակն է պնդում: Ասում է, թե Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում այնպիսի մարդու են տեսնում, որը անգամ իշխանության սխալը տեսնելով կհամարձակվի բարձրաձայնել:

Արդյո՞ք իշխանության նախընտրելի թեկնածուն Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, անցած տարի խորհրդարանում դեռևս հանրապետական մեծամասնության օրոք մեկ անգամ չընտրված Վահե Գրիգորյանն է: Այսօրվա իշխանության ներկայացուցիչները միշտ դրական են արտահայտվել նրա մասնագիտական որակների մասին։

Հովակիմյանը չի հստակեցնում․ - «Էդմոն Մարուքյանը կամ, ասենք, Ռոբերտ Քոչարյանը կարող են իրենց ցանկությունները ունենալ դատավորների, դատական համակարգի վերաբերյալ: Մենք փնտրում ենք լավագույն թեկնածուին: Ոչ թե լինի անձ, որը ամբողջ կյանքում ծառայել է՝ դառնալով դատավոր, երբեք չի ասել, որ դուք սխալ եք անում: Այսինքն, ինքը էդ համարձակությունը չի ունենա, որովհետև ինքը էդ անցյալը, էդ կենսակերպը, էդ սկզբունքայնությունը չունի»:

Մարուքյանը մամուլից տեղեկացել է, որ ՍԴ անդամի ընտրության ժամանակ պատգամավորներից մեկը ընտրել է Չաք Նորիսին: ՍԴ անդամ չընտրելու մեջ ընդդիմադիր պատգամավորը արհավիրք չի տեսնում, նրան անհանգստացնում է գործընթացի անլրջությունը․ - «Երբ որ քաղաքացին գնում ա ընտրության, գրում ա՝ Չաք Նորիս, դա էլ մի ընդունելի բան չի, բայց երբ որ պատգամավորն ա սահմանադրական մարմնի անդամ ընտրելիս, իր սահմանադրական լիազորություններն իրականացնելիս գրում Չաք Նորիս, էդ մարդկանցից ի՞նչ եք դուք սպասում»:

Քվեարկությունները կազմակերպող հաշվիչ հանձնախմբի ղեկավարը «Իմ քայլից» Վահագն Հովակիմյանն է․ - Ձեռնպահ եմ մնում որևէ կարծիք արտահայտելուց, քանի որ քվեարկություն գաղտնի է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG