Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը միջոցառումներ է իրականացնում Սամվել Բաբայանի զինակիցների հետ կապված միջադեպի փաստով


Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի գրասենյակը երեկ ուշ գիշեր հաղորդագրություն է տարածել, ըստ որի, մայիսի 29-ի գիշերը՝ ժամը 3։30-ի սահմաններում, Սևանի մայրուղու Սևան-Մարտունի ճանապարհահատվածին Բաբայանի համակիրների և զինակից ընկերների ճանապարհը փակել են և հրազենից կրակահերթ արձակել:

Բաբայանի գրասենյակի փոխանցմամբ՝ «այս բանդաները իրենց պարագլուխներով ծառայում են Արցախի նախկին վարչապետ, իսկ հիմա Արցախի նախագահի թեկնածու, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանին»։

«Եթե իրավապահ մարմինները հետամուտ չլինեն այս ամենի բացահայտմանը, ապա մենք ստիպված կլինենք կիրառել նույն մեթոդները և պատասխան հասցնել նույն ոճով, որովհետև այլ ելք չի մնում», - զգուշացրել է Արցախի պաշտպանության նախկին նախարարի գրասենյակը:

«Ազատ Հայրենիք»-ում «կուսակցությանը և նրա առաջնորդին ուղղված զրպարտանք» են որակում Սամվել Բաբայանի գրասենյակի տարածած հայտարարությունը՝ խոստանալով քիչ հետո հանդես գալ հայտարարությամբ:

Անդրադառնալով Սամվել Բաբայանի գրասենյակի հայտարարությանը՝ Հայաստանի ոստիկանությունից «Ազատությանը» հայտնեցին, որ այս պահին կատարվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

«Նախքան այդ հայտարարությունը ոստիկանությունն արդեն իսկ օպերատիվ տվյալներ ուներ, և ոստիկանության պետի հանձնարարությամբ ձեռնարկվել և այս պահին էլ ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ միջադեպի բոլոր մասնակիցների ինքնությունը, նրանց գտնվելու վայրը ճշտելու, ինչպես և կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ», - փոխանցեցին Ոստիկանությունից:

Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը «Ազատության» հետ հեռախոսազրույցում հայտարարեց․ - «Ես կարծում եմ, որ պետք է ամենայն պատասխանատվությամբ այդ խնդիրը ուսումնասիրել, պատկան մարմինները պետք է այդ ամենը ուսումնասիրեն խորությամբ: Եվ իրոք պետք է շատ անաչառ, մասնագիտական բարձր մակարդակով ուսումնասիրվի այդ գործը, եթե այն, ինչ պնդում է Սամվել Բաբայանի թիմը, ինչ-որ տեղ ճիշտ լինի, համապատասխան մեղավորները, բնական է, պետք է պատժվեն: Նաև անթույլատրելի է զրպարտությունը»:

Նա վստահեցրեց, որ «բանդաներ Արցախում չկան, չի կարող լինի Արցախում բանդա»: «Անթույլատրելի է ինչպես զրպարտությունը, այնպես էլ ուժային ցանկացած միջամտություն քաղաքական գործընթացին», - շեշտեց արցախցի պաշտոնյան:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG