Վերջին 24 ժամերին Սիրիայի հյուսիսարևմտյան շրջաններում Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հավատարիմ ուժերի և Ռուսաստանի ռազմական ավիացիայի համատեղ հարվածների հետևանքով առնվազն յոթ մարդ է զոհվել: Այդ մասին հաղորդում է Սիրիայում Մարդու իրավունքների դիտարկման կենտրոնը, որ գործում է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում:
Կազմակերպության տվյալներով՝ օդային հարձակումների հիմնական թիրախը սիրիական զինված ընդդիմության հսկողության ներքո գտնվող Իդլիբ նահանգի հարավային շրջաններն են և Համայի նահանգի հարակից հատվածները:
Մարդասիրական կազմակերպությունների տվյալներով՝ ապրիլի 28-ից ի վեր կառավարական ուժերի և ռուսական ռազմական ավիացիայի հարվածների հետևանքով այս շրջաններում 229 խաղաղ բնակիչ է զոհվել, 727-ը՝ վիրավորվել, ևս 300 հազարը ստիպված են եղել հեռանալ բնակության մշտական վայրերից: