Մատչելիության հղումներ

«Պետք է անհապաղ փոխել նաև ՍԴ ամբողջական կազմը». Նինա Կարապետյանց


Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի համոզմամբ` անհապաղ պետք է փոխվի Սահմանադրական դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ), Վճռաբեկ, Վերաքննիչ դատարանների ամբողջական կազմը, և եթե դրա համար պետք է օրենսդրական փոփոխություն, պետք է անել օրենսդրական փոփոխություն։

«Ազատության» «Քաղաքականությունը ներսից» հաղորդման ժամանակ Կարապետյանցը նշեց՝ թե՛ Մարտի 1-ի, թե՛ բազմաթիվ այլ գործերով «Սահմանադրական դատարանը հանցագործ, հանցավոր որոշումներ է կայացրել»։

«Հասկանում եմ, որ հասարակությանը շատ հետաքրքիր է Մարտի 1-ը, դա վերքի նման անընդհատ շոշափվում է, բայց բազմաթիվ այլ գործերով Սահմանադրական դատարանը հանցագործ, հանցավոր որոշումներ է կայացրել, և դրա ապացույցներն ընտրությունների հետ կապված բացարձակ անհիմն, միակողմանի և նախորդ հանցավոր ռեժիմներին սպասարկող, հաճո որոշումներ ընդունելն է։ Հետևաբար, այս ամբողջական կազմն, այո՛, այնտեղ կան շատ բարձր պրոֆեսիոնալ որպես իրավաբաններ մասնագետներ, ես դա ինձ թույլ չեմ տա անգամ վիճարկել, շատ բարձր որակի, բայց թե ինչի՞ն են իրենք ծառայել տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ, հետևաբար, իմ խորին համոզմամբ, որևէ մեկը Սահմանադրական դատարանում չի կարող մնալ այդ պաշտոնում, և պետք է մտածել հեղափոխական միջոցներով, ճանապարհներով փոխել նաև Սահմանադրական դատարանը։ Ես հասկանում եմ, որ ամբողջական կազմը շատ դժվար է լինելու փոխել, ես կարծում եմ, որ, այո, անհապաղ պետք է փոխվի ամբողջական կազմով, եթե դրա համար պետք է օրենսդրական փոփոխություն, պետք է անել օրենսդրական փոփոխություն։ Սահմանադրական դատարան, ԲԴԽ, Վճռաբեկ դատարան, Վերաքննիչ դատարան՝ առնվազն էս պահին պետք է փոխենք էդ բարձր, վերևի ատյանները, որոնք հնարավորություն կտան ապահովել վերահսկողությունն առաջին ատյանից եկող որոշումների, հետո անցնել առաջին ատյանի», - ասաց Կարապետյանցը։

Նախկին դատավոր, փաստաբան Պարգև Օհանյանն էլ ընդգծեց՝ խնդիրն անձերի մեջ չէ։

«Ես գտնում եմ, որ անձերի մեջ չի ստեղ խնդիրը։ Իհարկե անձերը դեր են խաղում, երբեմն՝ շատ ազդեցիկ, բայց, գիտեք ինչ, ամենասուրբ մարդը, ամենամաքուր մարդը, եթե հայտնվում է ինչ-որ մի միջավայրում, էդ միջավայրն ազդում է չէ՞ իր վրա։ Եթե ինչ-որ ճահիճի միջով ես անցնում, չես կարող չցեխոտվել, դու պետք է մտածես ոնց անես, որ չխրվես, բայց ցեխոտվել՝ ռեալ, պետք է ցեխոտվես։ Ես երբ որ դարձա դատավոր, ես շատ ուրախ կլինեի, որ հեռու լինեի ամեն տեսակ կոռուպցիոն... բայց բնականաբար չես կարող, հիմա մասամբ ավելի հնարավոր է», - ասաց նախկին դատավորը։

Հարցին, թե «որքան բարձր է պաշտոնդ այդ համակարգում, այնքան ցեխոտվա՞ծ ես», Օհանյանը պատասխանեց. - «Չէ՛, էդպես չի կարելի ասել։ Հիմա ես ուրիշ բան ասեմ՝ տեսեք, Դուք հարց տվեցիք, ասում եք՝ «ԲԴԽ-ում նշանակված են նախկին իշխանությունների կողմից», հարցն անձերը չեն, այնտեղ առանձին-առանձին վերցրած, ինչպես և Սահմանադրական դատարանում, լուրջ մասնագետներ են, բայց ինքը՝ կառույցը, կամ էդ ինստիտուտն ինքը լուրջ խնդիր է մեր արդարադատության համար, նույնն էլ՝ Սահմանադրական դատարանը, և Աստված չանի, եթե Սահմանադրական դատարանն էս դիմումն ընդունեց վարույթ, ես կարծում եմ, որ էս գործը մտնելու է փակուղի, որովհետև դա լինելու է անօրինական որոշում»։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG