Ադրբեջանում այսօր նշում են Հանրապետության օրը: Այդ երկրի իշխանությունները, ավանդույթի համաձայն, կոշտ հայտարարություններ են արել Ղարաբաղի շուրջ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, մասնավորապես, երեկ հայտարարել է, թե Ադրբեջանն այսօր էլ ապրում է ղարաբաղյան չավարտված պատերազմի պայմաններում և երկրի հիմնական նպատակներից մեկը պետք է լինի ամրապնդել Ադրբեջանի ռազմական ներուժը:
Ալիևի խոսքով, վերջին տարիներին վերանորոգվել են զորամասերի շուրջ 80 տոկոսը և Ադրբեջանն այսօր ունի հզոր ռազմական ներուժ:
Ադրբեջանի նախագահը հերթական անգամ հայտարարել է նաև, որ Բաքվի դիրքորոշումն անփոփոխ է և ղարաբաղյան խնդիրը պետք է կարգավորվի բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:
Ալիևը նորից կրկնել է, թե վերջին տարիների ադրբեջանական կողմից հաջողվել է հետ վերցնել մի շարք տարածքներ:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Հանրապետության օրվա առիթով այսօր ծավալուն հոդված է հրապարակել ռուսական «Նեզավիսիմայա» թերթում՝ «Չձևացնել, այ իրական բանակցություններ վարել» վերնագրով:
Հոդվածում Մամեդյարովը, խոսելով Ադրբեջանի և ղարաբաղյան պատերազմի մասին, ներկայացնում է, թե ինչու է բանակցային ձևաչափն այսօր միակ ընդունելին Բաքվի համար: Մամեդյարովը, ինչպես և Ալիևը, իր հոդվածում խոսում է հակամարտությունը բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում կարգավորելու մասին, ինչը, նրա կարծիքով, կապահովի Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական և հայկական համայնքների խաղաղ և անվտանգ գոյակցությունը: - «Բաքուն Հայաստանի նոր ղեկավարությունից սպասում է կոնկրետ և պատասխանատու քայլեր խնդիրը արագ կարգավորելու համար», - գրել է Մամեդյարովը:
Հավելենք, որ երեկ ռուսական «Կոմերսանտին» տված հարցազրույցում Ադրբեջանի արտգործնախարարն ասել էր, թե բանակցային գործընթացն այսօր ընթանում է գոյություն ունեցող օրակարգի շուրջ, ինչը Բաքվին որոշ լավատեսության տեղիք է տալիս: