Մատչելիության հղումներ

«Հայաստանի համար ավելի կարևոր է, թե արդյոք ՀԱՊԿ-ը ի վերջո մեր դաշնակցային կառույցն է, թե ոչ»․ Հակոբ Բադալյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունում է Ստանիսլավ Զասին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից Յուրի Խաչատուրովին հետ կանչելուց հետո վերջապես կառույցի անդամ պետությունները համաձայնության եկան նոր թեկնածուի շուրջ։

ՀԱՊԿ-ում դեպքերի նման զարգացումը քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը համարում է պաշտոնական Երևանի փոքրիկ հաղթանակը. և պարզաբանում, թե ինչու։ Բանն այն է, որ Բելառուսի թեկնածու Ստանիսլավ Զասը կազմակերպությունը կգլխավորի Հայաստանի՝ քվոտայի ժամկետի ավարտից հետո։ Յուրի Խաչատուրովի պաշտոնավորման ժամկետն ավարտվելու էր մինչ 2020 թվականի հունվարը։

«Ակնհայտ էր այդ քվոտան վերցնելու ձգտումը Մինսկում և Աստանայում, և նաև Մոսկվայի երկակի խաղը, երբ չկար հստակ դիրքորոշում՝ ի վերջո պետք է պահի՞ Հայաստանը քվոտան, թե ոչ», - «Ազատության» հետ զրույցում ասում է վերլուծաբանը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է 2018-ի նոյեմբերի 2-ից։ Այն ժամանակ կառույցը ղեկավարող Խաչատուրովը հետ էր կանչվել Երևան, քանի որ նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար։ Ավելի վաղ Հայաստանը համաձայնության չէր գալիս ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածուի հարցում։ Պաշտոնական Երևանը նպատակահարմար չէր գտել անցած տարի նրան ընդունել։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու Ստանիսլավ Զասն երեկ է հանդիպել արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի, իսկ այսօր արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Հայաստանի վարչապետը հանդիպմանը կարևորել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության հարցում կազմակերպության անդամ երկրների միջև համաձայնության գալու փաստը: - «Ուրախալի է, որ համաձայնության եկանք, որ 2020 թվականի հունվարի 1-ից ռոտացիոն սկզբունքով Դուք կստանձնեք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: ՀԱՊԿ-ը հանդիսանում է ՀՀ անվտանգության համակարգի կարևորագույն տարրերից մեկը, և Հայաստանը շահագրգռված է այդ կառույցի արդյունավետ աշխատանքում», - նշել է Փաշինյանը:

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի համոզմամբ՝ ՀԱՊԿ-ում ոչ այդքան կարևոր է թեկնածուի հարցը, որքան ՀԱՊԿ անդամ երկրների քաղաքականությունը, որն, ըստ քաղաքական վերլուծաբանի, բազմիցս հակասել է Հայաստանի շահերին։

«Ամենևին էական չէ, թե այդ քարտուղարն ով է, էական է, թե այդ պետությունների ղեկավարները ինչպիսի քաղաքականություն են մշակում», - ասում է Բադալյանը: - «Դրա համար եմ նշում, որ Հայաստանի համար շատ ավելի կարևոր է, թե արդյոք ՀԱՊԿ-ը ի վերջո մեր դաշնակցային կառույցն է, թե ոչ: Թե՞ ավելի շատ շարունակելու է դաշնակցային հարաբերություններ կատարել Ադրբեջանի հանդեպ, քան Հայաստանի։ Սա է գլխավոր հարցը»:

Պաշտոնական Երևանը կառույցում առաջին հերթին այդ հարցը պետք է առաջ քաշի, ասում է վերլուծաբանը, իսկ թե ինչո՞ւ է հայկական կողմը համաձայնել գլխավոր քարտուղարի պաշտոնում Ստանիսկալ Զասի նշանակմանը, Հակոբ Բադալյանը վարկածներ է առաջ քաշում․ - «Կարող ենք դիտարկել այս հանգամանքը՝ Երևանը համաձայնությունը տվել է Բելառուսի այս ներկայացուցչին քվոտան պահելու դիմաց, այսինքն՝ պահպանեց, հետո տվեց, թե Երևանը ավելի լուրջ հարցադրումներ է դրել։ Ի վերջո չմոռանանք, որ խոսվում է նաև Բելառուսի այս ներկայացուցչի, այսպես ասած, ադրբեջանական կապերի մասին, որ նա ռազմական կրթությունը ստացել է Ադրբեջանում, որ Բելառուսի ռազմաքաղաքական ղեկավարության շրջանում նա ադրբեջանական ազդեցության տիրույթում գործող զինվորական է»:

Ստանսիլավ Զասն, ի դեպ, երեկ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպմանը վստահեցրել է՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում պաշտպանելու է բոլոր անդամ երկրների անվտանգության շահերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG