Մատչելիության հղումներ

«Իբիցայի սկանդալը վնաս է հասցրել Ավստրիայի բարի համբավին»


Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցը հրաժարականից հետո հեռանում է խորհրդարանից, Վիեննա, 27-ը մայիսի, 2019թ.
Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցը հրաժարականից հետո հեռանում է խորհրդարանից, Վիեննա, 27-ը մայիսի, 2019թ.

Ավստրիայի նախագահ Ալեքսանդեր վան դեր Բելենն այսօր ի պաշտոնե ընդունել է վարչապետ, Ժողովրդական կուսակցության ղեկավար Սեբաստիան Կուրցի կառավարության հրաժարականը, որը տեղի է ունեցել քաղաքական սկանդալի արդյունքում:

«Այսօր ես ազատում եմ կառավարության անդամներին նրանց պարտավորություններից և հանձնարարում եմ միառժամանակ շարունակել աշխատանքը: Մենք արդեն ունենք նման փորձ», - ասել է նախագահը:

Ավստրիայում սկանդալի առիթ է դարձել մի տեսագրություն, ըստ որի՝ փոխվարչապետ, «Ազատություն» ազգայնական կուսակցության ղեկավար Հայնց-Քրիստիան Շտրախեն Իբիցայում արձակուրդում գտնվելիս ռուս օլիգարխի միջնորդ հանդիսացող մի կնոջ հետ զրույցում առաջարկել է շահավետ գործարք՝ կուսակցության ֆոնդին ֆինանսական աջակցություն տրամադրելու դիմաց:

Տեսագրության հրապարակումը մեծ սկանդալ և բողոքի զանգվածային ակցիաներ է հարուցել:

Շտրախեն անմիջապես հրաժարական է ներկայացրել փոխվարչապետի և «Ազատություն» կուսակցության ղեկավարի պաշտոնից, սակայն ընդդիմադիր սոցիալ-դեմոկրատները խորհրդարանում արծարծել են կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը:

Երեկ խորհրդարանը քվեարկությամբ անվստահություն է հայտնել կառավարությանը և պաշտոնանկ է արել Կուրցին, ով դեռ քվեարկությունից առաջ հայտարարել է, որ չի բողոքարկի խորհրդարանի որոշումը:

«Ուզում եմ անդրադառնալ այդ տհաճ տեսագրությանը, Իբիցա՝ այդպես են այդ անունն արտասանում, չէ՞: Այն առհավետ մտավ մեր հիշողության մեջ, ոչ միայն այստեղ, այլև արտասահմանում: Դա մի հանգամանք է, որը մեծ վնաս է հասցրել մեր երկրի բարի համբավին, ստեղծել է տպավորություն, որը, ես համոզված եմ, ոչ մի կապ չունի Ավստրիայի իրական պատկերի հետ», - ասել է նախագահը:

Նախագահի որոշմամբ վարչապետի պաշտոնակատար է նշանակվել փոխվարչապետ Հարթվիգ Լյոգերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG