Մատչելիության հղումներ

ԱԺ փոխխոսնակը Դատավորների ընդհանուր ժողովից «ավելին էր սպասում»


ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը զրուցում է լրագրողների հետ, Սարդարապատ, 28-ը մայիսի, 2019թ․
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը զրուցում է լրագրողների հետ, Սարդարապատ, 28-ը մայիսի, 2019թ․

«Ես չորս ժամ տևած նիստից ավելին էի սպասում», - հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ, իշխանական «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը՝ այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Դատավորների ընդհանուր ժողովի հայտարարությանը:

«Մենք էլ ենք մեղավոր, որ միգուցե օր առաջ պետք է էն անեինք, ինչի մասին էսօր խոսվում է: Մենք էլ ենք դրա մեջ մեղավոր, ուստի եկեք մեղավորներ չփնտրենք: Հայաստանի Հանրապետությունում լինելու է անկախ դատարան, որը ենթարկվելու է միայն Հայաստանի Հանրապետության ժողովրդին և օրենքին», - ասաց Սիմոնյանը:

Երեկ ժամեր շարունակված նիստից հետո Դատավորների ընդհանուր ժողովը հրապարակեց հայտարարություն, որում, մասնավորապես, կարևորում է դատական համակարգում բարեփոխումների անհրաժեշտությունը՝ դրանք համարելով ընդհանուր իրավական առաջընթացի ու զարգացման էական նախապայման, միաժամանակ՝ խստորեն դատապարտում «դատավորների հանդեպ ցանկացած անհարգալից գործողություն և կոչ է անում ձեռնպահ մնալ դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող, դատավորների պատիվն ու արժանապատվությունը արատավորող հայտարարություններից, դատարանների բնականոն աշխատանքը խոչընդոտող ցանկացած գործողությունից»: Հայտարարությունում նշված է նաև, որ «Բարձրագույն դատական խորհրդի անգործությունը չի արտահայտում դատավորների հավաքական կամքը, և այդ մարմինը գործնականում չի երաշխավորում դատավորների անկախությունը»:

Մայիսի 20-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հրավիրած խորհրդակցությունում հայտարարեց, որ եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը։ Ըստ նրա, առաջինը՝ Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն այսպես կոչված վեթինգի:

Անցած շաբաթավերջին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG