Մատչելիության հղումներ

Հայաստանը նշում է Հանրապետության տոնը


Հայաստանը այսօր նշում է Հանրապետության տոնը:

101 տարի առաջ այս օրը հայտարարվեց Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին, և մոտ ինը դար տևած ընդմիջումից հետո Հայկական լեռնաշխարհում վերականգնվեց հայոց պետականությունը:

Տոնի առթիվ շնորհավորական ուղերձներով են հանդես եկել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նախագահները, Ամենայն Հայոց կաթողիկոսը, բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական, քաղաքական գործիչներ, կազմակերպություններ:

«Հայ ժողովուրդն այսօր նշում է դարերի պատմություն ունեցող իր պետականության վերականգնման տոնը՝ հայ ժողովրդի պայքարն ու ձեռքբերումները, անկոտրում ոգու հաղթանակը խորհրդանշող մեր Հանրապետության տոնը», - ասված է Հայաստանի նախագահի շնորհավորական ուղերձում:

«Հայկական ինքնության ձևավորման, հայոց պետականության կերտման ու կայացման ընթացքում հայ ժողովրդի անցած ուղին հերոսական է ու փառավոր՝ մեր կորուստները միայն ամրապնդել են մեր ապրելու ձգտումը, մեր միտքն ուղղված է եղել ստեղծելուն, մեր ուժը՝ խաղաղություն հաստատելուն: Երախտապարտ լինենք բոլոր այն մարդկանց, ովքեր 1918 թվականին կերտեցին Հայաստանի առաջին Հանրապետությունը, 1920 թվականից ի վեր՝ Խորհրդային Հայաստանը, իսկ 1991 թվականին վերածնեցին անկախ Հայաստանի Հանրապետությունը, բոլոր նրանց, ովքեր շուրջ երեք տասնամյակ պահպանել ու պահպանում են այն», - նախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ նշված է ուղերձում:

«Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգության ապահովումն ու կայուն զարգացումը համազգային նշանակության խնդիր են: Իսկ համազգային խնդիրները կարող են լուծվել միայն համազգային ջանքերով՝ Հայաստանի, Արցախի ու սփյուռքի ողջ կարողություններն ու ներուժը օգտագործելով: Մենք պետք է ձևավորենք Միասնական Ազգային օրակարգ՝ ընդհանուր կենսական նշանակություն և կարևորություն ունեցող գերակա խնդիրներով ու առաջնայնություններով, մեզանից յուրաքանչյուրը պետք է ներգրավված լինի ընդհանուր հարցերին վերաբերող որոշումների կայացման գործընթացում», - շեշտում է Արմեն Սարգսյանը:

Այդ առումով, ըստ նախագահի, անգնահատելի է երիտասարդության դերակատարումը։ «Այսօր ես առանձնահատուկ դիմում եմ Հայաստանում, Արցախում, աշխարհի տարբեր անկյուններում ապրող մեր երիտասարդ սերնդին անկախ պետականությամբ հայրենի հողի վրա համախմբվելու կոչով: Այսօր լավագույն հնարավորություններն ունենք ապրել ու զարգանալ սեփական հողում, երազել ու մտածել վաղվա մասին, ամբողջացնել Հայրենիքը որպես միասնական գաղափար և որպես զորեղ ու կենսունակ պետական միավոր: Մենք չենք կարող մեզ թույլ տալ բավարարվել մեր ձեռքբերումներով, այսօր մենք պատմական հնարավորություն ունենք բարելավելու մեր երկիրը, նպաստելու մեր հայրենիքի հզորացմանը և, ավելի քան երբևէ, այսօր մենք կարող ենք և պարտավոր ենք միասնաբար՝ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի եռապատիկ ուժն ու հնարավորությունները ծառայեցնել Հայաստանին», - ասված է ուղերձում:

Հայաստանի նախագահը վստահ է, որ «պետականության գալիք հարյուրամյակների պատմությունը արձանագրելու է հայ ժողովրդի միասնությամբ ու ստեղծագործ աշխատանքով ձեռք բերված նոր հաջողություններն ու հաղթանակները»։

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի շնորհավորական ուղերձում, որ հրապարակել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը, մասնավորապես ասված է․ - «Հայաստանի առաջին Հանրապետության հռչակումը իրականություն դարձավ մայիսյան հերոսամարտերում մեր հայրերի քաջագործություններով: Նրանց փառապանծ հաղթանակը դարձավ հիմքը մեր անկախ պետականության վերահաստատման, որը դարավոր երազանքն էր մեր ժողովրդի»:

«Հանուն հայրենիքի, մեր ինքնության ու պետականության համար պայքարած խրոխտ հայորդիների սխրանքը, ազգի ու մեր սրբությունների հանդեպ սիրո և հավատարմության վկայությունը պատգամ է յուրաքանչյուրիս՝ լինելու արժանավոր ու նվիրյալ զավակը ազգի և հայրենյաց: Սիրելիներ, այսօր էլ նույն ոգով, միասնականությամբ կարող պիտի լինենք պահպանել մեր անկախ պետականությունը, Հայաստանում և Արցախում մեր ձեռքբերումները՝ վաղվա օրվա լավատեսությամբ շարունակելով զարգացող երկիր կառուցել և կերտել շեն ու լուսավոր մեր ապագան», - շեշտում է Վեհափառը:

Արցախի նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձում, որ տարածել է Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, մասնավորապես ասված է․ - «Այսօր տոն է բոլոր հայերի համար՝ Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում, հայրենիքում թե նրա սահմաններից դուրս: Դժվար է պատկերացնել, թե ինչ կլիներ մեր ժողովրդի հետ, եթե 1918-ին չկազմավորվեր Հայաստանի Առաջին Հանրապետությունը, եթե մեր պապերը հերոսաբար չկանգնեին թշամու դեմ ու չկերտեին Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի փառավոր հաղթանակները: Այդ հաղթանակներն անհավանական ու անհավատալի էին շատերի համար, շատերի, բայց ոչ մեզ համար: Դեռ նոր ցեղասպանություն տեսած, հող ու հայրենիք կորցրած հայ ժողովուրդն այլընտրանք չուներ, պետք է շտկեր կորացած մեջքը և շարունակեր իր բազմադարյա ուղին, շարունակեր արժանապատվորեն և հային վայել կեցվածքով»:

«Այդպես եղավ նաև Արցախյան ազատամարտի տարիներին, երբ համայն հայությունը միավորվեց՝ թույլ չտալով նոր ցեղասպանություն, միավորվեց ու շարունակեց մայիսյան հաղթանակների շարքը, ազատագրեց հայոց հինավուրց բերդաքաղաք Շուշին, պաշտպանեց ու շենացրեց նախնիների հողը», - շարունակում է Բակո Սահակյանը՝ շեշտելով․ - «Այսօր բոլորիս պարտքն է միահամուռ ուժերով անել ամեն ինչ հայոց անկախ պետականությունը շարունակաբար զորացնելու, մայր Հայրենիքը զարգացնելու, մեր Եռամիասնությունը միշտ անսասան պահելու ուղղությամբ»:

Հայաստանի ղեկավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այսօր կայցելի Սարդարապատի հուշահամալիր, որտեղ տեղի կունենան Հանրապետության տոնին նվիրված հանդիսություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG