Մատչելիության հղումներ

Արամ Հարությունյանի անվան հետ կապվող ձեռնարկությունում ամիսներ ի վեր աշխատավարձ չեն վճարում


Նոր Գեղի - Լուսակերտ ճանապարհն այսօր:

Բնապահպանության նախկին նախարար, այժմ խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման մեջ մեղադրվող ու հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությունյանի անվան հետ կապվող «Նաիրի» շինարարական ձեռնարկության տասնյակ աշխատակիցներ ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստացել: Ընկերությունը նրանցից յուրաքանչյուրին ընդհուպ մինչև մեկ միլիոն դրամ է պարտք:

«Օգոստոս ամսվանից չենք ստացել, տնօրենը պատճառաբանում ա, որ գումարները չեն փոխանցել, դրա համար էլ չենք ստացել», - «Ազատությանն» ասաց աշխատակիցներից մեկը:

Ուշագրավ է, որ անցած տարվանից հետախուզման մեջ գտնվող Հարությունյանը 80-ականներին իր աշխատանքային գործունեությունը սկսել է հենց «Նաիրիշին» ընկերությունում՝ որպես բանվոր: «Հետք» պարբերականի հրապարակումներից մեկի համաձայն, Հարությունյանի է պատկանում ընկերության բաժնետոմսերի 99․9 տոկոսը: Ընկերությունը առանց մրցույթների պետությունից գումարներ է ստացել ու ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացրել իրականցրել Կոտայքի մարզում այն տարիներին, երբ ծնունդով եղվարդցի Հարոթյունյանը պաշտոնավարում էր որպես Կոտայքի մարզպետ:

«Նաիրիշինի» կողմից սպասարկվող Նոր Գեղի - Լուսակերտ ճանապարհի նորոգման աշխատանքներին մասնակցած աշխատակցի պնդմամբ՝ աշխատավարձ չի ստացել 70-100 աշխատակից: Նրա խոսքով՝ տնօրենն իրենց ասում է, թե սպասում են, որ գումարը Տրանսպորտի և կապի նախարարությունը փոխանցի ու աշխատավարձը բաժանեն։

«Ազատությունը» փորձեց զրուցել ընկերության հաշվապահների հետ, սակայն գրասանեյակում ոչ ոք չկար, բոլորը սենյակները փակ էին:

Իսկ նախարարությունն «Ազատության» հարցմանը գրավոր պատասխանեց․ - «Աշխատավարձերի վճարումն իրականացվում է «Նաիրի» շինարարական կազմակերպության կողմից: Նախարարությունը ապրիլի 1-ից տվյալ կազմակերպությանը վճարում չի կատարել, քանի որ «Նաիրի» շինարարական կազմակերպությունը ապրիլ ամսվա ընթացքում պատշաճ չի կատարել պայմանագրով նախատեսված պահպանման և շահագործման համար անհրաժեշտ աշխատանքները, դրանք իրականացրել է մեծ թերություններով և ոչ ժամանակին»:

«Ազատությանն» ավելի ուշ հաջողվեց կապ հաստատել ձեռնարկության տնօրեն Եգոր Խրիմյանի հետ: Նա համաձայնեց զրուցել միայն թե իր դեմքը չերևա։

Ըստ Խրիմյանի, խոսքը գնում է ոչ միայն նախարարության վերջին ամսվա չփոխանցած գումարի, այլև Հյուսիս - Հարավ մայրուղու շինարարության վրա աշխատող կազմակերպություններից մեկի մասին, որին «Նաիրիշինը» տենդերը շահելուց հետո շինանյութեր է տրամադրել:

«Աշխատողները ճիշտ են բողոքում, որովհետև անցած տարի օգոստոսից «Կորսանը»՝ էդ իսպանական կազմակերպությունը մեր կատարած աշխատանքի դիմաց փողը չեն տալիս, դրա համար էլ աշխատավարձերն ուշացրել ենք: Եվ ապրիլին ամսին նախարարության փողը չտալու պատճառով մեր ճանշինի փողերը ուշանում ա», - ասաց Խրիմյանը:

Ձեռնարկության տնօրենը Նոր գեղի - Լուսակերտ ճանապարհի անմխիթար վիճակը պայմանավորում է անձրևային եղանակի հետ, ասում է՝ չոր չէր լինում, որ ասֆալտ անեին:

Տնօրենն ասում է, որ այս իրավիճակում աշխատողներին չի կարող ստիպել գալ աշխատանքի և հասկանում է նրանց վրդովմունքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG