Մատչելիության հղումներ

Սյունեցիները մոտ ապագայում ներդրումների հոսք են ակնկալում


«Իմ քայլը՝ հանուն Սյունիքի մարզի» ներդրումային գործարար համաժողովի ընթացքում հայաստանցի ու արտասահմանցի գործարարները հայտարարեցին, որ պատրաստակամ են ներդրումներ կատարել մարզում:

Համաժողովին արդեն իսկ վեց ներդրումային հուշագիր ստորագրվեց:

Կապանում նախատեսվում է հեռուստացույցների հայ-իրական համատեղ արտադրություն ստեղծել: Ներդրումներ են նախատեսվում մարզի զբոսաշրջության ոլորտում:

Համաժողովին մասնակցող գործարարներն ասում էին, որ ներդրումների կարիք մարզում շատ են զգում՝ օրինակ, Սյունիքում տեքստիլագործությունը զարգացնելու համար:

Կանանց զարգացման ռեսուրս-կենտրոն հիմնադրամը ոչխարի բրդի թելով սեփական արտադրությունն է սկսել: Առայժմ միայն տեղական շուկայում է իրացվում ձեռագործ արտադրանքը: Տարբեր տեսակի պայուսակներ, բարձրեր ու այլ պարագաներ են արտադրում:

«Զարգացման մեծ հեռանկար ունենք», - ասում է գործարար Ռուզաննա Տոռոզյանը: - «Այսօր զարգացնելով տեքստիլի արտադրությունը, մենք կարող ենք զարգացնել նաև պայուսակների արտադրությունը, տեղական կահույքի արտադրության մեջ օգտագործել տեքստիլը: Մեր միակ խնդիրը ներդրումային ծրագրերի պակասն է: Այսօր մենք ակնկալում ենք, որ կառավարություն ոչ միայն սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորի, այլև համաֆինանսավորեն այսպիսի բիզնես գաղափարները, որոնք զարգացման մեծ հեռանկար ունեն, նոր աշխատատեղեր են ստեղծում»:

Ներդրողներին Սյունիք գալ ու ներդրում անելու կոչ արեց Սյունիքի մարզպետ, նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:

Նա վստահեցրեց, որ գործարարները խոչընդոտների առաջ չեն կանգնի․ - «Մարզային իշխանությունները կարող է և պետք է կապող օղակ դառնան գործարարների, պետական կառույցների, բիզնես գաղափարներ ունեցողների միջև՝ երաշխավորելով, որ նոր ձեռնարկների իրագործման ճանապարհին չենք հանդիպելու ավելորդ վարչարարության, բյուրոկրատական քաշքշուկների, որևէ բացասական իրողության, որը կխանգարի ձեր ներդրումների համար ամուր հող ստեղծելուն, երաշխավորելով, որ տեսնելու եք միայն բարիկամեցողություն և օժանդակություն: Մեզ համար մարզի տնտեսական զարգացման գերակա ուղղություններն են զբոսաշրջությունը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը: Ես կոչ եմ անում բոլորիս լինել հնարավորինս ակտիվ, հանդես բերել նախաձեռնողականություն, օգտնվել այս հարթակից և ձեր քայլն անել հանուն Սյունիքի մարզի»:

Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հայաստանյան իշխանությունների քաղաքական խնդիրն է Հայաստանը դարձնել այնպիսի երկիր, որի բնակիչները հավատում են իրենց ուժերին և գիտեն, որ այդ գաղափարները կարելի է իրագործել Հայաստանում․ - «Մեր քաղաքական խնդիրն է Հայաստանը դարձնել այնպիսի երկիր, կամ այնպիսի մարդկանց երկիր, ովքեր հավատում են իրենց ուժերին, ովքեր գիտեն, որ ահա այդ գաղափարները կարելի է իրագործել Հայաստանի Հանրապետությունում»:

Վարչապետը հատկապես շեշտեց բազմիցս արտահայտած իր միտքը` Հայաստանի տնտեսական զարգացումը պետք է հենվի անհատական ջանքի վրա․ - «Մեր մեծագույն խնդիրն է, որպեսզի մենք Հայաստանի Հանրապետությունում հնարավորինս շատ մարդու ստեղծագործելու, մտածելու, երազելու և այդ երազանքը իրագործելու համարձակությամբ օժտելն է: Տնտեսական զարգացումը առաջին հերթին հենվում է անհատների վրա: Իհարկե, շատ կարևոր են խոշոր ներդրողները, շատ կարևոր է խոշոր կորպորացիաների մուտքը Հայաստանի Հանրապետություն: Բայց ես ուզում եմ ասել, որ իմ խորին համոզմամբ և վերլուծությամբ, այդ խոշոր ներդրողները գնում են առաջին հերթին տաղանդավոր մարդկանց հետևից: Եվ մեր խնդիրն է ցույց տալ, որ Հայաստանի Հանրապետությունում ապրում են տաղանդավոր մարդիկ, որոնք կարող են ոչ միայն իրենց երազանքները իրականացնել, այլև միջավայր ստեղծել ուրիշների երազանքների համար, նույնիսկ գլոբալ երազանքների իրականացման համար»:

«Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» համաժողովին վարչապետը մասնակցեց նաև մարզում արտադրվող սննդի ու այլ պարագանների արտադրության ցուցահանդեսին:

Վարչապետի ուշադրությունը գրավեց հատկապես մարզում արտադրվող 3D տպիչը: Մարզում նման տպիչների արտադրություն կա, իսկ արտադրանքի ծավալներն ավելացնելու համար ներդրման անհրաժեշտություն կա: «18 միլիոն դրամ ներդրում է պետք ընկերությանը», - Ֆեյսբուքում ավելի ուշ գրեց Նիկոլ Փաշինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG