Եվրոպական խորհրդարանի ընտրությունների նախնական արդյունքները վկայում են Եվրամիության քաղաքական իրավիճակի էական փոփոխության մասին՝ աջակենտրոն և ձախակենտրոն կուսակցությունները կորցնում են գերակայությունը, փոխարենը հզորանում են բնապահպանների, ծայրահեղ աջերի ու ձախերի և բիզնեսի շահերն արտահայտող խմբերի դիրքերը:
Այսպիսով, «մեծ կոալիցիան», որը ժամանակին կազմել են Եվրոպական ժողովրդական կուսակցությունը և սոցիալ-դեմոկրատները (Սոցիալիստների և Դեմոկրատների առաջադիմական միությունը), կորցնում է մեծամասնությունը:
Բայց չնայած աջակողմյան և ազգայնական ուժերի գրանցած տպավորիչ արդյունքին՝ կանաչների և լիբերալների հաջողությունը վկայում է այն մասին, որ Եվրոպական միության պահպանման և ամրապնդման ջատագով կուսակցություններն այնուամենայնիվ 751-տեղանոց Եվրոպական խորհրդարանում կստանան մանդատների մոտ երկու երրորդը՝ 505 քվե:
Լիբերալների 100 և կանաչների 70 տեղերն այդ խմբերին կտան առավել վստահ գործելու հնարավորություն:
Ֆրանսիայի և Իտալիայի ծայրահեղ աջակողմյան թևը ներկայացնղ Մարին Լը Պենի և Մատեո Սալվինիի կուսակցությունները և նման դիրքերից հանդես եկող եվրոպական մյուս ուժերը բավական մեծ թվով մանդատներ են ստանում, բայց, միևնույն է, չեն կարողանա խափանել միասնական Եվրոպայի համար պայքարող ուժերի առաքելությունը:
Եվրոպական ժողովրդական կուսակցությունը և սոցիալ-դեմոկրատները հայտնել են, որ կոալիցիա չեն կազմի աջակողմյան ուժերի հետ:
«Եվրոպական ժողովրդական կուսակցությունը կայունության ջատագով է, ուստի մենք բացառում ենք Եվրոպան և եվրոպական ծրագրերը մերժող աջակողմյան կամ ձախակողմյան ծայրահեղական կուսակցույունների հետ որևէ համագործակցություն, ոչ մի բանակցություն չի կարող լինել: Ես հուսով եմ, որ բոլոր կուսակցությունները հստակ կհայտնեն աջակողմյան և ձախակողմյան ծայրահեղական գաղափարները մերժելու մասին», - այսօր ասել է Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր, Եվրոպայի ժողովրդական կուսակցության խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը:
Նրա համոզմամբ, Եվրոպայի միասնության կողմնակիցները պարտավոր են միավորվել:
«Մենք մտադիր ենք բանակցելու առաջարկ ներկայացնել այն կուսակցություններին, որոնք միանշանակ սատարում են Եվրոպայի ժողովրդավարությանը, դրանք են սոցիալ-դեմոկրատները և կանաչները: Հուսով եմ, որ գործընթացին կմիանան նաև լիբերալները», - ասել է Վեբերը:
Բրիտանիայում ընդդիմադիր լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինն ասել է, որ Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքը փաստում է մեկ կարևոր իրողություն՝ «Բրեքզիթի» հարցի լուծումը պետք է վերապահել ժողովրդին, ուստի պետք է անցկացնել կամ արտահերթ համազգային ընտրություններ կամ նոր հանրաքվե:
Քորբինի փոխանցմամբ, այս կառավարության պարտավորությունն է դուրս հանել երկիրը փակուղային վիճակից:
«Երկրի ապագան ապահովելու համար պետք են նոր ընտրություններ, խորհրդարանում մեծամասնություն չկա, կառավարությունն անելիք չունի, օրենսդրական հստակ ծրագիր չկա, խորհրդարանն էլ ոչինչ չի կարող անել այս կառավարության հետ», - ասել է Քորբինը: