Մատչելիության հղումներ

«Աշոտն եկել է դասընթացների և վերադառնալու է». Աննա Հակոբյանը՝ որդու՝ Երևանի զորամաս տեղափոխման մասին


Աշոտն իր մյուս զինվոր ընկերների հետ եկել է վերապատրաստումների, կամ դասընթացների, ժամանակավոր է և վերադառնալու է, այսօր ասուլիսի ժամանակ՝ լրագրողի հարցին ի պատասխան, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը։

Լրագրողը մասնավորապես հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանն Արցախի զորամասից տեղափոխվել Երևանի զորամաս, և արդյո՞ք իրականությանը համապատասխանում են լուրերը, «թե Արցախում վիճակը վատ է, իշխանությունները դա թաքցնում են»։

«Աշոտն իր մյուս զինվոր ընկերների հետ եկել է վերապատրաստումների, կամ դասընթացների, ժամանակավոր է և վերադառնալու է։ Ես չգիտեմ որևէ ինֆորմացիա, որ կարող է վիճակը... Էդպես չէ, և Աշոտի Երևան գալը ոչ մի նման բանի հետ կապ չունի, ինքն ինչպես ծառայում է Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ շարունակելու է ծառայությունը։ Սա սովորական երևույթ է, մեր որդին ծառայում է այնպես, ինչպես ցանկացած զինվոր, որևէ կերպ նրա ծառայությունը չի տարբերվում որևէ հարցում և նույնիսկ այս՝ Երևան գալ և վերադառնալու հարցում չի տարբերվում մյուս զինվորներից», - պատասխանեց Աննա Հակոբյանը։

Նա նշեց, որ Երևանում օրենքով սահմանված կարգով իր որդին ունեցել է մեկօրյա արձակուրդ և մեկ օր անցկացրել է տանը։

Նշենք, որ օրեր առաջ շրջանառվող լուրերին Ֆեյսբուքում անդրադարձել էր նաև պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ Հայաստանի Զինված ուժերի ցանկացած զինծառայող տարբեր ժամանակներում, տարբեր վայրերում մասնակցում է տարբեր հավաքների, քննությունների ու զորավարժությունների։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG