Տնտեսագետ Գիտանաս Նաուսեդան համոզիչ հաղթանակ է արձանագրել կիրակի օրը Լիտվայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փոլում: Քվեների կեսից ավելիի հաշվարկից հետո Նաուսեդան ստանում է լիտվացի ընտրողների քվեների 72, իսկ նրա մրցակից, լիտվական խորհրդարանի` Սեյմի պատգամավոր Ինգրիդա Շիմոնիտեն՝ 26 տոկոսը:
Նաուսեդան 55 տարեկան է, նախկինում եղել է Լիտվայի Կենտրոնական բանկի վարչության անդամ, դասավանդում է Վիլնյուսի համալսարանում:
«Նախ և առաջ, պետք է հաշվի առնել, որ ես անկախ թեկնածու էի, և ընտրարշավի ողջ ընթացքում իմ գլխավոր նպատակը Լիտվայի ժողովրդին միավորելն էր: Մեր քաղաքականության գլխավոր նպատակը լինելու է Լիտվայում ստեղծված կացությունը մարդկանց բացատրելը, որպեսզի նրանք համագործակցության եզրեր գտնեն միմյանց դեմ պայքարելու փոխարեն», - նշում է Լիտվայի նորընտիր նախագահը:
Գիտանաս Նաուսեդայի պաշտոնամուտի արարողությունը կկայանա հուլիսի 12-ին: