Մատչելիության հղումներ

Շիրակում, Լոռիում ու Արագածոտնում ժամանակավոր կացարանների հաշվառումը մոտենում է ավարտին


Տնակներ Գյումրիում, արխիվ
Տնակներ Գյումրիում, արխիվ

Շիրակի, Լոռու ու Արագածոտնի մարզերում ժամանակավոր կացարանների հաշվառման գործընթացը մոտենում է ավարտին՝ հունիսի 30-ին արդյունքները կներկայացվեն վարչապետին:

Կառավարական հանձնաժողովի այսօրվա նիստում նոր տվյալներ հրապարակվեցին, թե աղետի գոտում քանի ժամանակավոր կացարան կա: Ըստ Քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանի, երեք մարզերից տնակների թվով առաջատարը Շիրակն է:

«Ընդհանուր առմամբ՝ հավաքագրվել է 7 հազար 231 տնակի վերաբերյալ տեղեկատվություն։ Տեղաբաշխված են՝ 3 հազար 520-ը Շիրակում, Լոռիում՝ 2 հազար 791, և Արագածոտնում՝ 910», - նշեց Արզումանյանը։

Բավականին մանրամասն ուսումնասիրել են, թե տնակը որտեղ է տեղադրված, ինչ նյութից է պատրաստված, ասենք՝ երկաթյա՞ վագոն-տնակ է, թե՞ ինքնաշեն, ու ինչ նպատակի է ծառայում: Իսկ թե ինչպես են ընտանիքները հայտնվել տնակներում, ինչ կարգավիճակ ունեն, բավականին երկար թվարկեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը:

«Բնակարան ստացած, սակայն դեռևս չսեփականաշնորհած, բնակարան ստացած՝ օտարած, բնակարան ձեռք բերած՝ օտարած, ներքին միգրացիա, ընտանեկան խնդիրներ և այլն», - ընդգծեց Վերմիշյանը։

Քաղաքաշինական կոմիտեի ղեկավարից հետաքրքրվեցինք, թե, ամեն դեպքում, ո՞ր տարբերակն է ավելի նախընտրելի, և արդյո՞ք Գյումրիում ու Վանաձորում նախատեսում են բնակարանային շինարարություն իրականացնել:

«Բա ինչի՞ համար ենք էս ամեն ինչը անում, բնականաբար։ Իմ հակվածությունը ավելի շատ սոցիալական բնակարանների ապահովումն է, որովհետև սոցիալապես շատ գերզարգացած երկրներ, ասենք՝ Նորվեգիան, Շվեդիան և Ֆինլանդիան, մոտավորապես բնակչության 20-30 տոկոսը բնակվում են սոցիալական բնակարաններում, և դա նորմա է», - պատասխանեց Վերմիշյանը։

Ժամանակավոր կացարանների հաշվառումից հետո մնում է հաշվել, թե որքան գումար կպահանջվի խնդիրը լուծելու համար: Հիմա այդ հաշվարկն են անում և մոտավոր ճշգրտությամբ այն կներկայացնեն վարչապետին:

«Հիմա ամենակարևորը՝ որ ստրատեգիական լուծումը գտնվի, որ մենք նախ պատկերացնենք ինչ գումարների մասին է խոսքը, որովհետև մինչև հիմա լրիվ իրար հակասող ինչ-որ թվերի մասին է խոսքը։ Հիմա կոնկրետ կարող ենք հաշվարկել, ասել», - ասաց Քաղաքաշինական կոմիտեի ղեկավարը։

Ինչ վերաբերում է ժամկետներին, Վահագն Վերմիշյանն ասաց՝ իրենք տարբեր տարբերակների համար կառավարությանը նաև ժամկետներ կմատնանշեն: - «Մի 10 տարվա գոնե ընթացքում էդ հարցը լուծվի, որովհետև սենց չի կարա լինի։ Ես կուզենայի դա մի սեզոնի մեջ լուծեինք, էդ իմ երազանքն է», - նշեց նա։

Տնակներում բնակվողների համար բարեգործական տարբեր ծրագրեր իրականացնող «Շիրակ» կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանը, ով հանձնաժաղովի անդամներից է, ընդգծեց՝ առաջին անգամ հաշվի են նստել իրենց կողմից ներկայացված առաջարկների հետ:

«Ոչ միայն հաշվի են առնում, այլ նաև հասկացան, որ ինչքան իրենք խորացան էս խնդրի մեջ էս մի քանի ամիսների ընթացքում, էնքան հասկացան, որ ուզենք-չուզենք հիմքը դա ենք ընտրելու», - ասաց Թումասյանը։

Վահան Թումասյանը հանձնաժողովում քննարկված որոշ հարցերի շուրջ մտահոգություն ունի, ասում է՝ դրանցում որոշակի ռիսկեր կան. «Միայն հիմք ընդունվի տնակում բնակվելը՝ բնակարան տալու, բայց մենք չէ՞ որ ունենք երկրաշարժին բնակարան կորցրած ու չփոխհատուցված։ Երկրորդը՝ ըստ աշխարհագրական դիրքի բնակարանների բաշխումը»։

«Ազատության» հարցին՝ արդյո՞ք սեփական հաշվարկ ունի, թե որքան գումար կպահանջվի խնդրի վերջնական լուծման համար և որքան ժամանակ կպահանջվի, պատասխանեց. «Ժամկետը կախված է իշխանությունների քաղաքական կամքից։ Եթե ուզենան վեց ամսվա՝ վեց ամսվա կներկայացնեն, կուզենան մեկ տարվա՝ մեկ տարվա, եթե չէ՝ հավերժ չի վերջանա էս խնդիրը։ Ես կարծում եմ, որ առնվազն 1500 բնակարանի խնդիր պետք է լուծենք Գյումրիում»։

Հանձնաժողովին վերջնական հաշվառման գործընթացն ավարտելու համար մնում է Ոստիկանությունից ու Կադաստրից համապատասխան տվյալները ստանալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG