Մատչելիության հղումներ

Հայաստանի ամենամեծ ընթացիկ խնդիրը կապված է դատաիրավական համակարգի հետ. Փաշինյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ, Երևան, 24-ը մայիսի, 2019թ.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ, Երևան, 24-ը մայիսի, 2019թ.

«Համոզված ենք, որ մեզ կհաջողվի մեր միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցությամբ ձևավորել վստահելի դատական համակարգ», - երեկ կառավարությունում Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպմանն ասել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ընդգծել է՝ այսօր Հայաստանի ամենամեծ ընթացիկ խնդիրը կապված է դատաիրավական համակարգի հետ:

«Վերջին մեկ տարվա ամենամեծ խնդիրը կապված է նրա հետ, որ մեր հանրությունը բացարձակապես բոլոր դատական որոշումների պատասխանատվությունը դնում է կառավարության վրա, և բացարձակապես բոլոր որոշումները մեկնաբանվում են որպես վարչապետի անձնական որոշումներ հանրության շրջանում: Սա նախկինից եկող շատ բարդ իներցիա է։ Երբեմն կառավարությունը ստիպված է լինում ուղղակի բարձրաձայն տարանջատվել բոլոր այդ հնարավոր դատական որոշումներից, որովհետև վստահության որոշակի ճգնաժամի պրոբլեմ և խնդիր կարող է առաջանալ այդտեղ», - նշել է Փաշինյանը:

Թե ինչի արդյունք է այսպիսի հանրային ընկալման պատճառը, քաղաքագետ Արմեն Բաղդասարյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ տարիներ շարունակ հենց այդպես էլ եղել է. բոլոր կարևոր հարցերում գործադիր իշխանությունը անմիջական ազդեցություն է ունեցել դատարանների որոշումների վրա։

«Պայմանականորեն ասած՝ Բաղրամյան 26-ի զանգով են որոշվել կարևորագույն դատավճիռները: Ի՞նչ պետք է անի նոր իշխանությունը սա փոխելու համար. հիմնական ձևերից մեկը պետք է լինի այն, որ իշխանությունները ոչ միայն պիտի չազդեն դատարանների որոշումների վրա, այլև պիտի թույլ չտան, որ ուրիշները ազդեն, այսինքն՝ պետք է ապահովել դատարանների իրական անկախությունը։ Բավարար չէ միայն, երբ դու ճնշում չես գործադրում, պետք է այնպես անել, որ ուրիշները նույնպես չկարողանան ճնշում գործադրել։ Սա նաև իրավական բաղադրիչ ունի, այսինքն՝ կոնկրետ այդ աղմկահարույց դեպքերում, եթե կան փաստեր, պետք է բացահայտել, թե ինչու են դատարանները այդպիսի որոշումներ կայացրել, ինչ ճնշումների, ինչ մեխանիզմների, ինչ լծակների արդյունքում», - ընդգծեց Բաղդասարյանը։

Եթե Հայաստանում գործադիրն ու օրենսդիրը վայելում են ժողովրդի վստահությունը, դատական իշխանությունը ևս պետք է վայելի ժողովրդի վստահությունը, ասել է կառավարության ղեկավարը։

«Ոչ թե դատական իշխանությունը վայելի կառավարության վստահությունը, այլ ժողովրդի վստահությունը, որովհետև եթե կառավարությունը, օրինակ, ուզենար այս մեկ տարվա ընթացքում, որ Հայաստանում լիներ իր համար վստահելի դատական համակարգ, այդ դատական համակարգը կար և այսօր էլ կա, և կառավարությանը ոչ մի բան չի խանգարում այդ դատական համակարգն իր համար դարձնել վստահելի, մանավանդ որ այդ դատական համակարգը սովոր է աշխատել այդ պայմաններում, երբ կառավարության և դատական համակարգի միջև կա, այսպես ասած, փոխադարձ վստահություն: Բայց մեզ համար այդ ճանապարհն անընդունելի է եղել և անընդունելի է, որովհետև դա դեմ է այն արժեքներին, որոնց վրա հենվելով մենք Հայաստանում իրականացրել ենք այսպիսի փոփոխություններ», - ընդգծել է Փաշինյանը:

Հիշեցնենք, երբ դատարանի որոշմամբ մայիսի 18-ին կալանքից ազատ արձակվեց սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, վարչապետը նախ կոչ արեց իր աջակիցներին մայիսի 20-ին շրջափակել դատարանների մուտքերը, ապա կառավարությունում հանդես եկավ դատաիրավական բարեփոխումներին նվիրված ծավալուն ելույթով՝ առաջարկելով դատավորներին վեթինգի ենթարկել։

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը չի համարում, որ դատարանների մուտքերն արգելափակելը վարչապետի լավագույն քայլերից էր։

«Այդ քայլի միջոցով, իմ կարծիքով, վարչապետը նպատակ ուներ ոչ թե ազդել դատարանների վրա, այլ ցույց տալ, որ դատական համակարգում հասարակական պահանջ կա փոփոխություններ իրականացնելու։ Կարծում եմ՝ դա սխալ էր երկու առումով. նախ՝ չէր կարելի հանպատրաստից այդպիսի քայլ կատարել, եթե այդպիսի քայլ էր կատարվում, պետք էր ժամանակին շատ լավ նախապատրաստվել, երկրորդն էլ, կարծում եմ, որ ճիշտ չէր, որովհետև իսկապես գործադիր իշխանությունը, ունենալով և՛ գործադիր, և՛ օրենսդիր իշխանության լիարժեք լծակներ, կարող էր նաև այլ գործիքակազմ կիրառել, ինչը հիմա արվում է», - ասաց Բաղդասարյանը։

Երեկվա հանդիպմանը մասնակցել են նաև Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին և ԵՄ անդամ պետությունների դեսպանները։ Նախքան հանդիպումը տարածվել էր ԵՄ պատվիրակության և ԵՄ անդամ պետությունների ռեզիդենտ դեսպանությունների հայտարարությունը, որում ասված էր. «Դատաիրավական համակարգի բարեփոխումները, հիմնված որակապես բարձր և ոլորտի լայն ընդգրկմամբ ռազմավարության վրա, կենսական են Հայաստանի ժողովրդավարական ապագայի համար։ ԵՄ-ն պատրաստ է ֆինանսապես աջակցել դատաիրավական համակարգի բարեփոխումներին»։

Արմեն Բաղդասարյանն ասում է՝ միջազգային հանրության աջակցությունը այս փուլում շատ կարևոր է Հայաստանի համար։

«Մտահոգություններ հնչեցին նաև դրսից, և շատ կարևոր էր խնդիրները ներկայացնել և հավաստիացնել, որ ամեն ինչ արվելու է օրինականության շրջանակներում։ Ես կարծում եմ՝ Հայաստանը այս հարցում ակնկալեց, անգամ խնդրեց միջազգային կառույցների, միջազգային հանրության աջակցությունը, և դա, կարծում եմ, կօգնի, որ Հայաստանում ընթացող գործընթացների նկատմամբ վերաբերմունքը ավելի դրական լինի», - նշեց քաղաքագետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG