Մատչելիության հղումներ

Դոնալդ Թրամփը որոշել է 1500 զինվոր ուղարկել Մերձավոր Արևելք


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է 1500 զինվոր ուղարկել Մերձավոր Արևելք` Իրանի հետ սրված հարաբերությունների ֆոնին:

Ճապոնիա մեկնելուց առաջ, լրագրողների հետ զրույցում, Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է` նոր զորախումբը զուտ պաշտպանական նպատակներ է ունենալու. «Մենք ուզում ենք պաշտպանություն ունենալ Մերձավոր Արևելքում և պատրաստվում ենք ուղարկել համեմատաբար փոքր զորախումբ, հիմնականում` պաշտպանական նպատակներով: Կգնան տաղանդավոր մարդիկ: Չեմ կարծում, թե Իրանն ուզում է մեզ հետ պատերազմել, սակայն նրանք չպետք է միջուկային զենք ունենան»:

Ըստ Պենտագոնի, զինվորներից բացի Մերձավոր Արևելք կուղարկվեն նաև ռազմական ինքնաթիռներ, անօդաչու թռչող սարքեր և այլ զինատեսակներ: Պետքարտուղար Մայք Փոմփեոն էլ տեղեկացրել է, որ վարչակազմը պատրաստվում է 8,1 միլիարդ դոլարի զենք վաճառել Սաուդյան Արաբիային, Հորդանանին ու Արաբական Միացյալ Էմիրություններին` շրջանցելով Կոնգրեսը:

Օրենսդիրներին ուղարկված նամակում պետքարտուղարը պնդել է. «Իրանի չարամիտ գործունեությունը լրջորեն սպառնում է Մերձավոր Արևելքի կայունությանը և ԱՄՆ անվտանգությանը»:

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն այսօր հայտարարել է` Միացյալ Նահանգների այս քայլերը ծայրահեղ վտանգավոր են «միջազգային խաղաղության համար»:

Թեհրանի և Վաշինգտոնի հարաբերությունները սկսեցին սրվել, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անցած տարի դուրս եկավ 2015-ին Իրանի և վեց գերտերությունների միջև ստորագրված համաձայնագրից և վերականգնեց պատժամիջոցները Իրանի նկատմամբ:

Սպիտակ տան ղեկավարը պնդում է, թե չնայած այդ համաձայնագրին, Թեհրանը շարունակում էր միջուկային փորձարկումներն ու ապակայունացնում էր իրավիճակը Մերձավոր Արևելքում: Թեհրանը հերքում է այս մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG