Մատչելիության հղումներ

Իրավապաշտպան․ Հեղափոխության առաջին օրերին պետք է հեռանար Գագիկ Հարությունյանը


Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամոր Հերիքնազ Տիգրանյանը կարծիքով, Գագիկ Հարությունյանը հեռացավ, որովհետև չէր անցնի վեթինգը (դատավորների գնահատումը, զտումը):

Հերիքնազ Տիգրանյան
Հերիքնազ Տիգրանյան

«Նախորդ իշխանությունները բարեհաճ էին իր հանդեպ և ամեն ինչ անում էին հարմարեցնելու: Բայց այս պարագայում, քանի որ խոսքը գնում է զտման մասին, որպես մեխանիզմ կկիրառվի նշանակման իրավաչափությունը: Կարծում եմ, որ այդ քննությունը պարոն Հարությունյանը չէր անցնի: Ոչ միայն այն պատճառով, որ օրենսդրությունն էր հարմարեցված կոնկրետ անձի համար, այլ նաև ԲԴԽ նախագահը պետք է առաջնահերթ նշանակվեր դատավորների ընդհանուր ժողովից առաջադրված անդամը, այնուհետև հերթը պիտի անցնել ԱԺ-ի թեկնածուին: Իսկ Գագիկ Հարությունյանը հենց ԱԺ-ի կողմից ընտրված ԲԴԽ անդամ է եղել: Սա կգնահատվեր որպես խախտում»:

Կեսօրին հայտնի դարձավ, որ Բարձրագույն դատական խորհրդը անցած տարվա մարտից ղեկավարող Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Հարությունյանը գրավոր պատճառաբանություն է ներկայացրել: «Նկատի ունենալով դատական իշխանության և դատավորների առնչությամբ ընթացող զարգացումները և այդ առիթով արտահայտած մտահոգությունները՝ այլևս նպատակահարմար չեմ համարում իմ հետագա աշխատանքը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և Խորհրդի անդամի կարգավիճակներում», - իր դիմումում գրել է Հարությունյանը՝ խնդրելով իր լիազորությունները այսօրվանից համարել դադարած:

Թե՛ դատարանները շրջափակելու Փաշինյանի կոչին, թե՛ դատական համակարգում վիրահատական միջամտության մասին նրա հայտարարությանը այս օրերին Հարությունյանը ուղիղ չէր հակադրվել: Միայն «Արմենպրես»-ին ասել էր, թե վիրահատական միջամտությունը նույնպես պետք է լինի սահմանադրական, չհանգեցնի մարդկանց իրավունքների ոտնահարման, չունենա ավերիչ հետևանքներ:

71-ամյա Գագիկ Հարությունյանը նորանկախ Հայաստանի ամենաերկարակյաց պաշտոնյաներից է:

Պետական պաշտոններ է զբաղեցրել բոլոր իշխանությունների օրոք։ Կոմունիստական կուսակցության օրոք Կենտկոմի բաժնի վարիչ Հարությունյանը 90-ական թվականների սկզբին զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության փոխնախագահի, վարչապետի, Գերագույն խորհրդի փոխնախագահի պաշտոնները: 1996-2018 թվականներին՝ 22 տարի եղել է Սահմանադրական դատարանի նախագահը: Այդ տարիների ընթացքում ՍԴ-ն որևէ անգամ համապետական՝ նախագահական կամ խորհրդարանական ընտրություններն անվավեր ճանաչելու ընդդիմության դիմումները չի բավարարել:

Ժաննա Ալեքսանյան
Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը հենց այդ տարիներն է հիշեցնում․ - «Ես պետք է ասեմ՝ բարի ճանապարհ: Հեղափոխության առաջին օրերին պետք է հեռանար Գագիկ Հարությունյանը: Միայն կեղծված ընտրություններ ենք հիշում, և այն «պատը» Սահմանադրական դատարանի, որ ընտրությունների արդյունքները երբեք չէին տեղ գտնում, բողոքարկվում, և Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մնում էին անօգնական վիճակում»:

Լևոն Զուրաբյան
Լևոն Զուրաբյան

«Մենք ինչքան են քննադատել նրա դերը կեղծված ընտրությունների լեգիտիմիզացիայի հարցում, բազմաթիվ այլ հարցերում, երբ որ նա ուղղակի սատարել է գործող ռեժիմին: Այսինքն ոչ թե զբաղվել է մարդկանց ֆունդամենտալ իրավունքների պաշտպանությամբ, այլ հակառակը՝ լեգիտիմացրել է ռեժիմի հանցագործությունները», - ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

Արամ Մանուկյան
Արամ Մանուկյան

Խորհրդարանում այսօր կայացած անցումային արդարարատության մասին լսումներին մասնակցող ՀԱԿ մյուս փոխնախագահը՝ Արամ Մանուկյանը Հարությունյանի հրաժարականի մասին նախընտրեց ամբիոնից խոսել․ - «Բոլորիդ շնորհավորում եմ Գագիկ Հարությունյանին հրաժարականի առիթով: Սա գործնական, կոնկրետ քայլ է այն խնդրի շուրջ, որի մասին հիմա մենք խոսում ենք: Տարոսը Սահմանադրականին, տարոսը մնացածներին, ովքեր ակնհայտ էս գործերում թիրախ են»:

Այսօր խորհրդարանում էր նաև Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, սակայն Հարությունյանի հրաժարականին նա չանդրադարձավ՝ ասելով, որ շտապում է:

Նաիրա Զոհրաբյան
Նաիրա Զոհրաբյան

Իսկ Նաիրա Զոհրաբյանը պարզաբանում է ակնկալում։ Անցած տարի Ազգային ժողովում ԲԴԽ անդամների ընտրության ժամանակ «Ծառուկյան» խմբակցությունը սատարել էր Հարությունյանին․ - «Ես չեմ կարող Գագիկ Հարությունյանի փոխարեն ասել, թե ինքը ինչից է զգուշացել․ վեթինգից է զգուշացել կամ որևէ այլ պատճառ է եղել: Ուստի տարատեսակ վերլուծություններ, գուշակություններ չանելու համար ճիշտ կլինի, որ ինքը հանրության, նաև խորհրդարանին, որի միջոցով ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, ներկայացնի որոշակի առնվազն պարզաբանում»:

Բարձրագույն դատական խորհուրդը, Սահմանադրության համաձայն, երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը: Կազմում է դատավորների թեկնածուների ցուցակները, նախագահին առաջարկում նշանակել դատավորների, դատարանների նախագահների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին: Լուծում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, անգամ լիազորությունները դադարեցնելու հարցերը:

Անցած տարի, երբ լրանում էր Գագիկ Հարությունյանի 70-ամյակը, և նա օրենքով այլևս չէր կարող զբաղեցնել ՍԴ-ի նախագահի պաշտոնը, իշխող կոալիցիան՝ Հանրապետականն ու Դաշնակցությունը նրան տեսավ մեկ այլ՝ ԲԴԽ անդամի պաշտոնում: Թեկնածությունն առաջադրեցին ու ընտրեցին։ Ավելի ուշ Հարությունյանն ընտրվեց ԲԴԽ նախագահ:

Իսկ հենց 70-ամյակի օրը Սահմանադրական դատարանի գրադարանն անվանակոչվեց ի պատիվ Գագիկ Հարությունյանի: Այս միջոցառմանը մասնակցելու և Հարությունյանին գովելու առիթը բաց չէր թողել նաև նախագահի պաշտոնը թողնող Սերժ Սարգսյանը՝ հայտարարելով․ - «Գագիկ Հարությունյանը միշտ եղել է այնտեղ, որտեղ եղել է դժվար և բարդ: Եվ նա միշտ իր հետևողականությամբ նպաստել է եղած խնդիրների լուծմանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG