Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի ՍԴ նախագահին


Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին և նրա գլխավորած պատվիրակությանը: Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը, վստահեցնելով, որ հանդիպման ընթացքում Թովմասյանն ու Բաբայանը Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ քննարկում չեն ունեցել:

«Դատական ոլորտում փոխգործակցության հարցեր են քննարկվել», - նշեց Բաբայանը՝ հավաստիացնելով, որ այցը նախապես ծրագրված է եղել:

Սահմանադրական կարգի տապալման հոդվածով Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 18-ին ազատ արձակվեց Լեռնային Ղարաբաղի ներկա ու նախկին նախագահների անձնական երաշխավորության դիմաց։ Մայիսի 20-ին էլ դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշեց կասեցնել քրեական գործի վարույթը և այն ուղարկել Սահմանադրական դատարան:

Դավիթ Բաբայանը ոչ մի կապ չի տեսնում այդ գործընթացների և մի քանի օր անց Բակո Սահակյանի ու Հրայր Թովմասյանի հանդիպման միջև:

Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահի ղեկավարած պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև ղարաբաղցի ուսանողների հետ: Արցախի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ Թովմասյանը դեռ պատգամավոր եղած տարիներին է ամուր կապերով կապված Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ, քանի որ հենց Թովմասյանն է աջակցել Արցախի Սահմանադրական փոփոխություններին, որոնք, ըստ պատգամավորի, Բակո Սահակյանին թույլ տվեցին ձեռքում պահել իշխանության ղեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG