Մատչելիության հղումներ

«Էս քայլողները մինչև մերժելը լրիվ ճիշտ են եղել, մերժելուց հետո է սկսել նրանց պրոբլեմը». Արմեն Ռուստամյան


Մի բան է ճանապարհ փակելը, մի բան է ճանապարհ սարքելը, երեկ Ազատության հրապարակում հանրահավաքից հետո՝ պատասխանելով «Ազատության» հարցերին, ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով գործող իշխանությունների վարած քաղաքականությանը։

Ռուստամյանը նշեց՝ «էս քայլողները մինչև մերժելը լրիվ ճիշտ են եղել, մերժելուց հետո է սկսել նրանց պրոբլեմը»։

«Ճանապարհ փակել կարաս, բայց երբ որ տեղը գալիս է, որ պետք է սարքես, անհնար է դառնում փակողի համար։ Տանկի դեմը կարելի է առնել, տանկին կարելի է կանգնեցնել, բայց տանկը քշել ուրիշ բան է ենթադրում, ուրիշ որակ է ենթադրում, դա պետք է տարբերենք իրարից», - ասաց Ռուստամյանը՝ շարունակելով. - «Ես էս տեսել եմ, հարգելիներս․ 88 թվականին ով որ էս հրապարակում շատ էր կանգնում, ով որ շատ միտինգի էր մասնակցում, պաշտոն էր ստանում՝ պոլի փետ լինի՝ ՀՀՇ-ից լինի։ Հիմա ով քանի կիլոմետր է քայլել՝ ըստ այդմ է պաշտոն ստանում, ի՞նչն է տարբերությունը։ Մարդիկ են ի հայտ եկել էս իշխանության մեջ, որոնք Լևոն Տեր-Պետրոսյանի կողքերն են եղել, ՀԱԿ-ի մեջ են եղել»։

Միևնույն ժամանակ, Ռուստամյանը նշեց՝ պաշտպանել և պաշտպանելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քանի դեռ վստահ է, որ «ինքը էդ նույն ճանապարհով չի գնում՝ Ղարաբաղի հետ կապված, այսինքն՝ նա չի պատրաստվում զիջել զարգանալու համար»:

«Էս հանրահավաքով տրվելու է դրա մեկնարկը, և մենք հանդիպելու ենք բոլոր քաղաքական ուժերի, բոլոր նրանց հետ, ովքեր էս վիճակը գնահատում են համապատասխան ձևով, ինչպես մենք ենք ասել այսօր հանրահավաքում և պատրաստ ենք միասին ելքեր գտնել, և մեր էսօրվա տրամադրությունն է այն, որ օգնել իշխանություններին, որ ուշքի գան, լրջանան և հասկանան, որ լուրջ մարտահրավերներ ունի երկիրը, նոր վտանգներ և նոր խնդիրներ պետք չէ առաջացնել։ Էս է մեր հիմնական հարցն էս պահին, եթե նրանք նորից իրենց ինքնասիրահարված, ինքնագոհ վիճակով կշարունակեն ասեն՝ «դե ո՞վ է խոսում՝ Դաշնակցությունը, էն ժամանակ էլ Ռոբերտի հետ ա եղել, Սերժի հետ ա եղել, մի լսեք, դրանք էդ ռեժիմի պաշտպաններն են», առանց հասկանալու, որ իրենք էսօր կան-չկան՝ Դաշնակցությունը մեկ է լինելու է, էդ բանը մարդիկ դեռ չեն կարողացել հասկանալ», - ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամը։

Նա նշեց՝ ՀՅԴ-ն գաղափարի կուսակցություն է և «էդ ձևի պիտակներով հնարավոր չի սևացնել նրա կենսագրությունը»։ «Դա բացառված է և ինչքան շուտ դա հասկանան, էնքան լավ», - հայտարարեց Ռուստամյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG