Մատչելիության հղումներ

Վճռաբեկի դատավորներն ակնկալում են հարգանք իրենց լիազորությունների հանդեպ


Հայաստանի երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ Սահմանադրական դատարանի մայիսի 7-ի որոշումը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորների հայտարարության առիթ է դարձել։

Սահմանադրական դատարանը, հիշեցնենք, գտել էր, որ Վճռաբեկը դատարանը պետք է Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացներ, այլ ոչ թե հետ ուղարկեր լրացուցիչ քննության:

Քրեկաան պալատի դատավորները այսօրվա հայտարարությամբ շեշտել են․ - «Պետական իշխանության մարմիններն իրենց գործառույթները պետք է իրացնեն այնպես, որ հարգանք դրսևորվի միմյանց լիազորությունների և հեղինակության նկատմամբ»:

Ինչո՞ւ է այս հայտարարությունն այժմ տարածվել, երբ քննարկման թեմա է Քոչարյանի գործի վարույթի կասեցման հարցը:

Մեկնաբանում է Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը․ - «Նկատի ունենալով այն հանգամանքը, որ նախաքննության փուլը այլևս ավարտված է, և ներկայումս ընթանում է գործի դատական քննության փուլը, նախաքննության գաղտնիության շղարշը արդեն վերացել է՝ ներկայումս քրեական պալատի դատավորները գտան, որ ճիշտ կլինի հասարակության բոլոր ներկայացուցիչներին ներկայացվի Վճռաբեկ դատարանի որոշումը, որովհետև այդ որոշման վերաբերյալ հնչում էին տարատեսակ մեկնաբանություններ»:

Անցյալ տարի առաջին ատյանի դատարանը խափանման միջոց կալանքն էր ընտրել Ռոբերտ Քոչարյանի համար: Վերաքննիչ դատարանը կալանքի որոշումը վերացրել էր, ապա հարցը վիճարկվեց Վճռաբեկ դատարանում:

Վճռաբեկի նախագահը հիմնավորում է, թե ինչու իրենք նոր քննություն անցկացնելու որոշում կայացրին․ - «Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով վերաքննիչ բողոքի մեկ հիմքին, և անդրադառնալով խափանման միջոց ընտրելու մեկ հիմքին և պայմանին, գտել էր, որ տվյալ իրավիճակում խափանման միջոց կալանքի տեսքով չպետք է կիրառվի: Այսինքն բողոքի ամբողջ բովանդակությունից Վերաքննիչ դատարանը անդրադարձել էր իր կարծիքով ամենակարևորին: Եվ քանի որ էդ ամենակարևորը, Վերաքննիչ դատարանի կարծիքով, փակել էր մնացած բոլոր հարցերը, չէր անդրադարձել վերաքննիչ բողոքի մյուս հիմքերին և հիմնավորումներին: Իսկ Վճռաբեկ դատարանը գտել էր, որ այն դատողությունները և դիրքորոշումները, որ ներկայացրել էր Վերաքննիչ դատարանը այդ փաստարկի և այդ հիմքի վերաբերյալ, ճիշտ չէ: Եվ Վճռաբեկ դատարանը գտել է, որ տվյալ իրավիճակում ղեկավարվելով իրավունքի նորմերով՝ տվյալ գործը պետք է գնար նոր քննության»:

Ինչ վերաբերում է Քոչարյանի քրեական գործի վերաբերյալ վերջին զարգացումներին՝ Վճռաբեկ դատարանի նախագահն ասաց, որ չի մեկնաբանի այլ դատավորի կայացրած դատական ակտը. - «Դա ուղղակիորեն կդիտվի որպես դատավոր վարքագծի կանոնների խախտում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG