Մատչելիության հղումներ

Ջրառատցին պնդում է, թե Լևոն Երանոսյանի քույրը ապօրինաբար է ձեռք բերել անշարժ գույքը


Նախկին փոխոստիկանապետ, անցած տարի բողոքի ցույցերի ընթացքում անհամաչափ ուժ կիրառելու մեջ մեղադրվող Լևոն Երանոսյանի քրոջը՝ Լյուբա Երանոսյանին պատկանող խորհրդային տարիներին հայտնի սառնարանը, Ջրառատի բնակիչ Ռոբերտ Կիրակոսյանի պնդմամբ, ապօրինաբար քանդում են:

«Ես ո՛չ ավագանի եմ, ո՛չ գյուղապետ եմ, պրոստո գյուղացի եմ, իմ սիրտը շատ ցավում է: Ինչ տենում եք քանդած, սաղ իրանց քանդածն ա», - «Ազատությանն» ասաց Կիրակոսյանը:

Ավելին՝ Կիրակոսյանը պնդում է, թե շենքը 2004-2005 թվականներին Երանոսյանները շենքն ապօրինի ճանապարհով են ձեռք բերել․ - «Ոչ թե պնդում եմ ես, հարյուր հազար տոկոս եմ ասում՝ եթե պատկանում ա իրանց, խնդրեմ, քարդում են, թող քանդեն: Հարցը ինչո՞ւմն ա, որ փախնում են»:

Քաղաքացին և համայնքի ավագանու որոշ անդամներ ոստիկանություն են դիմել․ - «Միլպետը կանչելա գյուղապետին, կարգադրելա, որ ոչ մի քար չշարժվի էնտեղից: Էսօր քանդվում ա»:

Գյուղապետ Սամվել Գալստյանը, որը նախկին փոխոստիկանապետի քրոջ որդին է, «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ հրահանգ է եղել դադարեցնել աշխատանքները, սակայն «Ազատության» նկարահանումների ժամանակ տեխնիկան տարածքում միացված էր:

Գալստյանը պնդում է, թե շենքը քանդելու մտադրություն չեն ունեցել․ - «Էնտեղ չի քանդվում, քանդված շինության կրիշը և հարակից նավեսները քանդվել-քայքայվել, կախվել են, ընկել են գետնին: Եվ մաքրում ա արվում»:

Անդրադառնում է շենքի ապօրինի օտարման մասին պնդումներին՝ Գալստանն ասաց․ - «Բողոքող կողմը ո՞վ ա: Ավագանին, վստահ եմ, որ դեռ իրանք լիազորություններ չունի, որպեսզի էն որոշումը, որ ունեցելա «Հայկոոպ» կազմակերպությունը, դրա մասին եզրակացություն տալու, կամ ասելու, որ որոշումը անօրինական ա եղել»:

Ջրառատցի Ռոբերտ Կիրակոսյանը հակառակն է պդնում՝ մեղադրելով Լևոն Երանոսյանին․ - «Ինչ ինքը նստել ա գեներալ, էսի իմն ա, էնի իմն ա, նրան էլ ձեռք տվողին ճակատից կխփեմ: Ես վախենալու չունեմ, որովհետև գիտեմ, թե ինքը որտեղից ա եկել, դառել գեներալ»:

Կիրակոսյանի խոսքով, ինքը չի վախենում, բայց նույնը չի կարող ասել համագյուղացիների մասին․ - «Վախի մթնոլորտը, հիմա որ մտնենք գյուղ, լյուբոյ էրեխեն, որ կարում ա խոսա, իրան խոսցնեք, երկու բառից ձեզ պարզ կըլի»:

Նրա խոսքով, գյուղի բնակիչները ստորագրահավաք են արել՝ պահանջելով հեռացնել գյուղապետ Սամվել Գալստյանին․ - «Մարզպետարանից բերել են էդ ստորագրահավաքի թղթերը, բացել են գյուղապետի սեղանի վրա, զանգել են ստորագրողներին, ասել են՝ հանկարծ եկել ես, ասել ես իմ հոժար կամքով եմ ստորագրել, եթե ասեք ձեր հոժար կամքով եք ստորագրել, վսյո, վաղվանից գյուղից կփախնես»:

Գյուղապետը չի հասկանում, թե ինչու է Կիրակոսյանն այլ մարդկանց անուններ տալիս: - «Անընդհատ տարբեր հնչողություններով փորձում ա ինչ-որ մարդկանց անուններ տալ և մարդկանց անուններ շեշտել, դա չի ստացվի իրա մոտ, անիմաստ ա»:

Գալստյանի վստահեցմամբ՝ շենքի ապամոնտաժման աշխատանքներ այլևս չեն իրականացվի, իսկ «Ազատության» նկարահանումների ժամանակ տարածք ժամանած ոստիկանները հայտնեցին, որ փաստաթղթեր են հավաքում տեղի ունեցածին ընթացք տալու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG