Մատչելիության հղումներ

Դատախազությունը 2 բողոք է ներկայացրել վերաքննիչ՝ Քոչարյանին առնչվող երկու որոշումների վերաբերյալ


Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարություն, Երևան, 16-ը մայիսի, 2019թ.

Գլխավոր դատախազությունն այսօր 2 բողոք է ներկայացրել վերաքննիչ դատարան՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների քրեական գործի վարույթը կասեցնելու և այն Սահմանադրական դատարան ուղարկելու, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու մասին դատարանի որոշումների դեմ։ Այս մասին «Ազատությանը» հայտնեցին գլխավոր դատախազությունից։

Դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին որոշում կայացրեց փոփոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը և նրան ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի ներկա ու նախկին նախագահների անձնական երաշխավորության դիմաց։ Մայիսի 20-ին էլ դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշեց կասեցնել քրեական գործի վարույթը և այն ուղարկել Սահմանադրական դատարան սահմանադրական կարգի տապալման 300.1 հոդվածի սահմանադրականությունը որոշելու համար:

Ավելի վաղ վերաքննիչ ատյան գործի կասեցման դեմ բողոք էր ներկայացրել նաև մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը: Վերաքննիչ քրեական դատարանում այս բողոքը մուտքագրել են, բայց քանի դեռ գործի նյութերը չկան, էլեկտրոնային համակարգը թույլ չի տալիս բողոքը մակագրել որևէ դատավորի, հենց այդ պատճառով վերաքննիչ քրեական դատարանը դիմել է առաջին ատյանի դատարան՝ նյութերն իրենց ուղարկելու պահանջով: Այս մասին «Ազատությանը» տեղեկացրին դատարանի աշխատակազմի գրասենյակից:

«Հիմա մենք կգրենք գրություն, երբ որ կպատասխանեն, որ նյութեր չկա, արդեն ըստ ընթացակարգի կորոշվի ոնց կանեն։ Էս պահին ոչինչ հայտնել չենք կարող՝ վարույթ ընդունվել է, չի ընդունվել, դա մեր իրավասության սահմաններում չի», - հայտնեցին Վերաքննիչ քրեական դատարանից։

«Ազատության» հարցին՝ ինչքա՞ն ժամանակում պետք է պատասխանի դատարանը, արձագանքեցին. «Մենք այսօր արդեն ուղարկել ենք, հավանաբար վաղը, մյուս օրը կպատասխանեն։ իրանք մեզ պետք է պատասխանեն, որովհետև մենք գիտենք, ասենք, լրատվամիջոցներից, որ գործը ուղարկվել է Սահմանադրական, բայց մենք պաշտոնապես ոչինչ չունենք»։

Վահե Գրիգորյանը պարզաբանում է՝ առաջին ատյանի դատարանը կասեցման որոշումը կայացրել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդության հիման վրա, հետևաբար այն տասնօրյա ժամկետում ենթակա է բողոքարկման: Փաստաբանը պնդում է՝ Քոչարյանի գործով դատավորը բողոքարկման ենթակա, բայց չբողոքարկված որոշումը քրեական գործի բոլոր հատորներով Սահմանադրական դատարան ուղարկելով, կոպտորեն խախտել է քրեական դատավարության կանոնները և ապօրինի որոշում է կայացրել:

«Որոշման հիման վրա կասեցվել է մի գործ, որը վերաբերում է ոչ միայն Ռոբերտ Քոչարյանին, այլ ևս երեք մեղադրյալների և տասնյակ տուժողների։ Նրանցից որևէ մեկի դիրքորոշումը դրա վերաբերյալ չի հարցրել: Դա բավական չի, անմիջապես որոշումը կայացնելիս վերցրել որոշումը ուղարկել է ՍԴ՝ Սահմանադրական դատարան ուղարկելով նաև 80 հատոր բնօրինակ գործի նյութերը։ Ինչո՞ւ եմ նշում 80 հատոր բնօրինակ գործի նյութերը, որովհետև երբ դու գործը վերցնում, ուղարկում ես Սահմանադրական դատարան, դա նշանակում է՝ այդ որոշման դեմ բերված վերաքննիչ քրեական դատարան ներկայացված բողոքը վերաքննիչ քրեական դատարանը չի կարող այլևս քննել, որովհետև գործը ինքը չի տանելու», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Գրիգորյանը։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանից հետաքրքվեցինք վերաքննիչ դատարանը կարո՞ղ է Սահմանադրական դատարանից պահանջել գործի նյութերը՝ բողոքարկումը քննելու համար:

«Ինձ համենայն դեպս տենց ընթացակարգ հայտնի չի, պետք է եթե տենց դեպք լինի, հասկանանք ոնց է մեր պրակտիկան աշխատելու։ Սահմանադրական դատարանը հենց ինքն էլ գնահատելու է, արդյո՞ք էդ կասեցումը հիմնավորված է եղել է, թե՞ ոչ։ Եթե Սահմանադրական դատարանը ընդունեց իր վարույթ՝ քննության, ենթադրվում է, որ դատարանը ճիշտ է վարվել այդ հարցով, որ դիմել է, եթե հիմքեր չկան դիմելու, Սահմանադրական դատարանը կարճ ժամանակում հետ է վերադարձնելու», - ասաց Խուդոյանը։

Սահմանդրական դատարանից տեղեկացնում են, որ միայն գրավոր հարցման միջոցով և 5-օրյա ժամկետում կհաստատեն՝ քրեական գործի 80 հատորը իրենց մոտ է, թե ոչ և կուղարկեն դրանք վերաքննիչ նման գրություն ստանալու դեպքում:

Այսօր ավելի վաղ Սահմանադրական դատարանից հայտնել էին, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով առաջին ատյանի դատարանի դիմումը Սահմանադրական դատարան մուտքագրվել է մայիսի 20-ին, օրվա երկրորդ կեսին: Բարձր դատարանի այսօրվա հաղորդագրության համաձայն՝ դիմումը գտնվում է նախնական ուսումնասիրության փուլում։

«Դիմումի նախնական ուսումնասիրությունն իրականացվում է Սահմանադրական դատարանի աշխատակարգով սահմանված կարգով և ժամկետներում», - ասված է հաղորդագրությունում: Սահմանադրական դատարանի աշխատակարգով սահմանվում է՝ նախնական ուսումնասիրումը պետք է ավարտվի դիմումը մուտագրվելուց հետո ոչ ուշ, քան 20-օրյա ժամկետում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG