Այսօր բանտից ազատ է արձակվել «ամերիկացի թալիբ» Ջոն Ուոլքեր Լինդթը:
ԱՄՆ քաղաքացի Լինդթն Աֆղանստանում միացել է թալիբներին, 2001 թվականին ձերբակալվել և փոխադրվել է Միացյալ Նահանգներ, որտեղ դատապարտվել է 20 տարվա ազատազրկման:
«Ամերիկացի թալիբ» անվամբ հայտնի 38-ամյա Լինդթը ծնվել է Կալիֆորնիայում և 16 տարեկանում իսլամ է ընդունել, ինչից հետո մեկնել է Եմեն և Պակիստան այդ կրոնն ավելի խորն ուսումնասիրելու համար և հետագայում համալրել է թալիբ զինյալների շարքերը:
Նա պատիժը կրել է Ինդիանա նահանգի խիստ ռեժիմի բանտում և երեք տարի շուտ է ազատ արձակվել «բանտում կարգապահ կեցվածք դրսևորելու» համար: