Մատչելիության հղումներ

Զորավարժությունների շրջանակում Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելել է առաջնագիծ


Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այցելում է շփման գծում տեղակայված զորամաս, արխիվ

«Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հրահանգել է կանխել հայկական կողմի հնարավոր սադրանքները ցանկացած զինատեսակի կիրառմամբ», - հաղորդում է Ադրբեջանի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, գեներալ-գնդապետ Հասանովը և պաշտպանության նախարարության ղեկավար կազմը երեկ այցելել են հայ-ադրբեջանական շփման գծի երկայնքով տեղակայված զորամասեր, ստուգել դրանց մարտական պատրաստվածության վիճակը, հետևել հայկական Զինված ուժերի դիրքերին: «Ստացված տեղեկությունների հիման վրա նախարարը հրահանգել է անմիջապես կանխել հակառակորդի սադրանքի գնալու փորձերը՝ զինված ուժերի բոլոր զինատեսակների կիրառմամբ», - հայտարարում է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը:

Նախարար Հասանովը առաջնագիծ էր գնացել այս օրերին Ադրբեջանում անցկացվող լայնածավալ զորավարժությունների շրջանակում: Վարժանքները սկսվել են երկուշաբթի օրը՝ 10 հազար զինծառայողների, ծանր զրահատեխնիկայի և օդուժի մասնակցությամբ: Սա Ադրբեջանի զինված ուժերի՝ այս ամսվա ընթացքում արդեն երկրորդ, իսկ վերջին տասն ամիսների ընթացքում՝ երրորդ լայնամասշտաբ զորավարժությունն է՝ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրամանատարությամբ: Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի, քառօրյա զորավարժության ընթացքում՝ մայիսի 20-24-ը, բանակը պաշտպանական-հակահարձակողական սցենար է խաղարկելու: «Նպատակը հակառակորդի գիշերային հարձակման ընթացքում, դժվարին կլիմայական պայմաններում տարբեր ուղղություններով հակահարված հասցնելն է» , - ասված է հաղորդագրությունում:

Հայաստանի արտգործնախարարությունը, արձագանքելով լայնածավալ զորավարժություններին, պնդել է, թե այս քայլերը չեն նպաստում խաղաղության ամրապնդմանը, որի շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել երկու ամիս առաջ՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև Վիեննայում տեղի ունեցած հանդիպմանը: Պաշտոնական Երևանը մտադիր է այս հարցը բարձրացնել ԵԱՀԿ-ի նիստում, երեքշաբթի օրը հայտարարել է նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Նախապես չծանուցված լայնածավալ զորավարժությունների անցկացումը ԵԱՀԿ հանձնառության խախտում է, և այն չի նպաստում տարածաշրջանում խաղաղության և վստահության մթնոլորտի ձևավորմանը։ Բնականաբար, այս հարցը բարձրացվելու է ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից։ Եվ ավելին, ուզում եմ ասել, որ ռազմական ուժի նմանօրինակ դրսևորումները չեն նպաստում խաղաղության նպաստող մթնոլորտի ձևավորման ուղղությամբ ադրբեջանական հանձնառության իրականացմանը, այն հանձնառությունը, որը ամրագրվել էր վերջերս Վիեննայում կայացած գագաթաժողովի ժամանակ։ Այս ամենի առնչությամբ մի բան կցանկանայի ընդգծել, որ մենք վստահ ենք մեր ուժերի վրա, մենք նախ և առաջ ապավինում ենք մեր ուժերին, և այդ վստահությունն է մեզ թույլ տալիս ոչ միայն պահպանելու խաղաղությունը, այլ նաև հանդես գալու խաղաղության դիրքերից», - հայտարարել էր Հայաստանի արտգործնախարարության խոսնակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG