Մատչելիության հղումներ

Գյումրեցի բազմազավակ մայր․ Երեխաները առնետների հետ են մեծանում


Գյումրեցի Տոնոյանների երիտասարդ ու բազմազավակ ընտանիքում հույս չունեն, որ երբևէ կկարողանան բնակարան գնելու համար բավարար գումար վաստակել:

Չորս երեխա են մեծացնում տնակում, որը երեք տարի առաջ գնել են հազար դոլարով: Դրանից առաջ վեց տարի վարձով են ապրել:

30-ամյա Դիանան ասում է՝ սեփական կտուր ունենալը անիրականալի երազանք է դարձել․ - «Չորս երեխաների հետ դու չես կարող գումար հետ գցել: Երեխաները ինչքան մեծանում են, այդքան նրանց հոգսերը շատանում են: Բնակարան ունենալու համար ես չեմ կարող մտածել, որ կկարողանամ փող հետ գցել: Գյումրիի պայմաններում այդպիսի աշխատանք չես էլ կարողանա գտնել, որ հա՛մ գումար հետ գցես, հա՛մ էլ կարողանաս ընտանիքդ պահես»:

Տնակների հաշվառման համար ստեղծված կառավարական հանձնաժողովը Շիրակի մարզի 19 համայնքներում 3517 ժամանավոր կացարան է հաշվառել, որից 2858-ը Գյումրիում:

Տոնոյանները նույնիսկ տնակի գումարն են ստիպված եղել մաս-մաս վճարել: Դիանան ցույց է տալիս, թե ինչ վիճակում են տնակը գնել, մի մասը կարողացել են քիչ թե շատ վերանորոգել, մի մասն էլ ի վիճակի չեն եղել:

Շատ թե քիչ պայմաններ ստեղծել ու ապրում են: Չորս երեխաների մայրն ասում է, որ խոնավության պատճառով երեխաները շատ հաճախ են հիվանդանում, հատկապես ձմռանը:

Տնակի խոնավացած ու բարակ պատերը հեշտությամբ հաղթահարում են առնետները: Մի անցքը փակում են, կրծողները մյուսն են բացում: «Երեխաներն առնետների հետ են մեծանում», - մտահոգվում է մայրը:

Դիանան չի աշխատում, քանի որ զբաղված է երեխաներով, ամուսինն էլ հիմնական աշխատանք չունի, թեև անգործ չի մնում, ցանկացած աշխատանք կատարում է, որ ընտանիքը պահի: Հիմնական միջոցը, որով ապրում է բազմազավակ ընտանիքը, նպաստն է և 4-րդ երեխայի համար տրվող գումարը:

«Երբ որ չորրորդ երեխան ես ունենում, մի միլիոն փող են տալիս, և որոշում է կայացվել, որ ամեն ամիս 50 հազարով կարող ենք այդ գումարը հանել: Ճիշտն ասած, այդ գումարն էլ մնացել է մինչև օգոստոս», - ասաց Դիանան:

Մեկամյա Դավիթին տանը թանկարժեք տղա են ասում․ նրա ծննդից առաջ Դիանայի մոտ թրոմբ է հայտնաբերվել ու նա թանկարժեք դեղեր է ընդունել, որ կարողանա Դավիթին լույս աշխարհ բերել:

Դիանան դիմել է վարչապետին, որ հաշվի առնելով բազմազավակ լինելու հանգամանքը՝ աջակցեն բնակարանի հարցով: Պատասխան նամակը ստացել է մարզպետարանից, որ հիմա վարչապետի հանձնարարականով տնակների հաշվառում է իրականացվում, նաև տնակներում ապրողների կարգավիճակը հստակեցվում: Գործընթացն ավարտվելու է հունիսի 30-ին, որից հետո նոր միայն Կառավարությունը կորոշի՝ ինչ ճանապարհով է աղետի գոտին տնակներից ամբողջությամբ ազատելու:

7-ամյա Սոնան դպրոց է հաճախում: Ցանկանում է բժիշկ դառնալ, որ այլևս չհիվանադանա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG