Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով դատարանների մուտքերն արգելափակելու հետ կապված 5 նյութ Գլխավոր դատախազությունն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն՝ ստուգման։
Հատուկ քննչական ծառայությունից «Ազատությանը» փոխանցեցին՝ նյութերն այսօր ստացել են։ Բողոքները հիմնականում ներկայացրել են փաստաբանները, իսկ միջադեպերից մեկին, մամուլում հրապարակված նյութերից մեկի հիման վրա, ընթացք է տվել Գլխավոր դատախազությունը։
Այն առնչվում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի և Մարտի 1-ի գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի հետ տեղի ունեցած միջադեպին։
Պողոսյանը պնդում է՝ այդ օրը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի դիմաց հանցագործություն է տեղի ունեցել. հավաքված քաղաքացիները խոչընդոտել են իր մասնագիտական գործունեությունը՝ թույլ չտալով մուտք գործել դատարան, իսկ իրավապահներն էլ, փաստաբանի պնդմամբ, անգործության էին մատնվել:
«Ես ոստիկաններին նշում էի, որ սա կոնկրետ հանցագործություն է տեղի ունենում, ձեր պարտականությունն է, որպեսզի կանխեք էս հանցագործությունը կամ վերացնեք դրա հետևանքները, պնդում էի, որպեսզի արձանագրվի իմ մուտքը դատարանի դահլիճ, դատարանն արգելափակող անձանց ինքնությունները, որպեսզի հետագայում, եթե քրեական գործ հարուցվի, խնդիր չառաջանա նաև այդ անձանց ինքնությունը պարզելու հետ կապված։ Որևէ գործողություն չիրականացրեցին ոստիկանները, հակառակը՝ գիտակցում էի, որ տեղի է ունենում առնվազն օրենքով չթույլատրված գործողություններ, որովհետև ոստիկանների հորդորը ոչ թե տվյալ տարածքում գտնվող քաղաքացիների դուռը բացելն էր, այլ ինձ էին փորձում մեկուսացնել, ասում էին՝ «Ձեր անվտանգության նկատառումներից ելնելով ավելի լավ է Դուք հեռանաք», - նշեց փաստաբան Պողոսյանը։
Պողոսյանն ասաց՝ այս ամենը ուղեկցվում էր իր հասցեին հնչող վիրավորանքներով։
«Միմիայն այն պատճառով, որ ես փաստաբան եմ և ցանկանում եմ դատարանի շենք գործել և էդ պահին անձանց համար գերագույնը վարչապետի կոչն էր, ոչ թե օրենքով սահմանված իմ լիազորությունների իրացումը», - ընդգծեց Պողոսյանը։
Մայիսի 20-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը փորձեց շենք մտնել պատուհանից․ քաղաքացիները, սակայն, թույլ չտվեցին: Այս միջադեպից հետո փաստաբան Հրանտ Անանյանն իր անունից հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց։ «Ազատության» հետ զրույցում ասաց՝ անթույլատրելի էր այն, ինչ տեղի ունեցավ դատավոր Դավիթ Բալայանի հետ։ Պնդեց՝ քաղաքացիները բռնություն են գործադրել Բալայանի նկատմամբ, որպեսզի մուտք չգործի դատարան։
«Հիմա բռնությունը հրելու եղանակով դրսևորվեց, թե այլ եղանակով դրսևորվեց, այդուհանդերձ բռնություն էր, որովհետև ֆիզիկական ներգործություն տեղի ունեցավ Դավիթ Բալայանի նկատմամբ, ով նաև չկարողացավ, ընկավ պատուհանից ոտքերի վրա, այնուհետև նաև հավասարակշռությունը կորցրեց այդ հրմշտոցի արդյունքում և ծնկով հարվածեց գետնին։ Տվյալ իրավիճակը իմ համար խիստ անթույլատրել էր, ինքը նաև հղի է վտանգավոր հետևանքներով կամ նմանատիպ դեպքերի աճման տենդենցով», - նշեց Անանյանը։
Փաստաբանն ասաց՝ ոստիկանները, տեսնելով միջադեպը, որևէ կերպ չմիջամտեցին։
«Անթույլատրելի էր նրանց անգործությունը։ Ես որոշեցի հաղորդում տալ հանցագործության մասին և մատնանշել նրանց, որ էն ինչ որ տեղի է ունենում, անգամ այդ հրելու գործընթացը, դա հանցագործություն է։ Իրավապահ մարմինները պետք է քննություն կատարեն և համապատասխան գնահատական տան նրան», - ընդգծեց փաստաբանը։
Փաստաբան Հրանտ Անանյանն ընդգծեց նաև, որ որոշ քաղաքացիներ վիրավորական բնույթի արտահայտություններ են արել դատավորի հասցեին, ինչը դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է։