Լոնդոնի «Արսենալ»-ի մարզիչ Ունայ Էմերին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե ցավում է, բայց հարգում է Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու որոշումը:
«Դա վատ լուր է, բայց այդ խնդրի հետ կապված մենք ոչինչ չենք կարող անել: Դա շատ անձնական որոշում է, և մենք պետք է հարգենք այն», - ասել է Էմերին:
«Ես չեմ հասկանում խնդիրները, սակայն ես պետք է հարգեմ որոշումը», - ասել է «Արսենալ»-ի մարզիչը՝ նշելով, որ Մխիթարյանը խորհրդակցել է նաև իր ընտանիքի հետ:
Reuters լրատվական գործակալության հետ զրույցում «Արսենալ»-ի պաշտպան Ստեֆան Լիխտշտայները ասել է, թե Մխիթարյանի՝ խաղին չմասնակցելը, իհարկե, մեծ կորուստ է, քանի որ նա իրոք կարևոր խաղացող է: «Բայց մենք հասկանում ենք նրա որոշումը, որովհետև նրա համար դա վտանգավոր է: Մենք նրա կարիքը շատ կզգանք, որովհետև նա շատ կարևոր է մեր թիմի համար», - նշել է նա:
Կիսապաշտպան Ալեքս Իվոբին ասել է, որ Մխիթարյանը շատ բան է արել, որ թիմը եզրափակիչ հասնի: «Կցանկանայինք, որ նա գար, բայց ունենք ինչ կա: Մենք պատրաստվում ենք պայքարել, և լիահույս եմ նվաճել գավաթը՝ ոչ միայն մեզ, այլ նաև նրա համար», - հավելել է նա:
«Արսենալ» ֆուտբոլային ակումբը ավելի վաղ նամակ էր հղել ՈւԵՖԱ-ին՝ անվտանգության երաշխիքներ պահանջելով Մխիթարյանի համար, խորը մտահոգություն հայտնելով ստեղծված իրավիճակի կապակցությամբ:
Ակումբի կայքէջում տեղադրված հայտարարությամբ «Արսենալ»-ը ՈւԵՖԱ-ին քննադատել էր նաև թիմի երկրպագուների խնդիրների հետ կապված՝ անհասկանալի համարելով, թե ինչու է որոշվել Եվրոպայի լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնել: Բաքու հասնելու հնարավորությունը, ավիաչվերթները բավականին սահմանափակ են, և ՈւԵՖԱ-ն Ադրբեջանի մայրաքաղաքի շուրջ 70-հազարանոց մարզադաշտում «Արսենալ»-ի երկրպագուներին միայն 6 հազար տոմս է հատկացվել:
Ունայ Էմերին ասել է, թե Բաքու մեկնելը հնարավոր չէ Մխիթարյանի համար, հնարավոր չէ բոլոր երկրպագուների համար, ինչպես իրենք կցանկանային, բայց եզրափակիչը շատ կարևոր է: «Երկրպագուները, որոնք չեն կարող Բաքու հասնել, խաղին կհետևեն տնից, մենք դա գիտենք, կխաղանք նրանց համար», - ընդգծել է մարզիչը և հավելել, որ «Արսենալ»-ը երկրպագուներ ունի աշխարհով մեկ, կարծում է՝ նաև Բաքվում և հարևան երկրներում, որոնք կգան խաղին:
ՈւԵՖԱ-ն իր հայտարարություններից մեկով նշել էր, թե Եվրոպայի լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելու որոշումը վաղ էր ընդունվել, և հնարավոր չէր կանխատեսել, որ եզրափակիչ դուրս կգան բրիտանական երկու թիմեր:
«Արսենալ» - «Չելսի» հանդիպումը Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացվելու է մայիսի 29-ին: