Մատչելիության հղումներ

Վրացիների մեծ մասը բացասական է գնահատել կառավարության, պետական մարմինների աշխատանքը. NDI


Վրաստան - Տեսարան մայրաքաղաք Թբիլիսիից, արխիվ
Վրաստան - Տեսարան մայրաքաղաք Թբիլիսիից, արխիվ

Վրացիների մեծամասնությունը կարծում է, որ երկիրը սխալ ուղղությամբ է զարգանում: Այս մասին են վկայում ամերիկյան Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) հետազոտության արդյունքները:

Կառույցի վրացական գրասենյակի ղեկավար Լորա Թորթոնը, ներկայացնելով հասարակական կարծիքի ուսումնասիրության արդյունքները, նշել է նաև, որ երկրի բնակչության մեծամասնությունը բացասական է գնահատում Վրաստանի քաղաքական գործիչներին, կառավարության և այլ պետական մարմինների աշխատանքը:

Հարցին, թե ինչպե՞ս կգնահատեն կառավարության գործունեությունը, հարցվածների 56 տոկոսը՝ բացասական, 36 տոկոսը՝ դրական պատասխան է տվել, և միայն 6 տոկոսն է դժվարացել պատասխանել։

Վրաստանի քաղաքացիները, սակայն, դրվատանքով են խոսել, օրինակ, առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոյի մասին, դրական են գնահատել նաև Թբիլիսիի քաղաքապետ, ֆուտբոլի նախկին աստղ Կախա Կալաձեի աշխատանքը, ով նաև «Վրացական երազանք» իշխող ուժի առաջնորդներից է:

Ուշագրավ է, որ այս վարկանիշային աղյուսակում երրորդ հորիզոնականում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին է:

Վրաստանի երրորդ նախագահը 2013-ից տասը տարի երկիրը ղեկավարելուց հետո լքել է հայրենիքը, որտեղ իր դեմ մի շարք քրեական գործեր են հարուցված, և այժմ հեռակա կարգով առաջնորդում է «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունը:

NDI-ի հարցումների արդյունքները, սակայն, վկայում են, որ Սաակաշվիլիին ոչ բոլորն են գովեստով հիշում. նրա մասին գրեթե նույնքան բացասական են խոսում, որքան երկրի իշխող կուսակցության փաստացի առաջնորդ, նախկին վարչապետ և միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի մասին։

Ինչ վերաբերում է անցած դեկտեմբերին նախագահի պաշտոնը ստանձնած Սալոմե Զուրաբիշվիլիին, ապա հարցվածների ընդամենը 19 տոկոսն է կարծում, որ նա շատ լավ է աշխատում։ Վարչապետ Մամուկա Բախտաձեի գործունեությանը միանշանակ դրական գնահատական են տվել հարցվածների 17 տոկոսը:

Ամերիկյան Ազգային ժողովրդավարական ինստիտուտի սոցիոլոգները նաև ուսումնասիրել են արտաքին քաղաքական հարցերում վրացիների կարծիքը. Եվրամիությանը և Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքին անդամակցել ցանկացող Թբիլիսիի եվրաինտեգրման ուղուն աջակցում է հարցվածների 77 տոկոսը:

Հետազոտության արդյունքները նաև վկայում են՝ վրացիները երկրի գլխավոր սպառնալիքը համարում են Ռուսաստանը, որը ռազմական սպառնալիք է համարում 31 տոկոսը, իսկ 10 տոկոսն էլ վտանգավոր է համարում ռուսական քարոզչությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG