Մատչելիության հղումներ

Եվրամիությունը Հայաստանի բարեփոխման օրակարգի հիմնական գործընկերն է. ԵՄ զեկույց


ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինի և հանձնակատար Յոհաննես Հաան, արխիվ
ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինի և հանձնակատար Յոհաննես Հաան, արխիվ

Հայաստանն ավելացրել է Եվրամիության հետ գործընկերության ամրապնդմանն ու ընդլայնմանն ուղղված ջանքերը, հետևողականորեն ճանաչել է, որ Եվրամիությունը կարևոր դեր կարող է կատարել երկրի բարեփոխման օրակարգի սահուն իրականացման գործում: Այդուհանդերձ, բարեփոխումների գործընթացն իր վաղ փուլում է մնում: Այս մասին ասված է Հայաստանում տեղի ունեցող զարգացումների և 2018 թվականի հունիսից 2019-ի մայիս ժամանակահատվածում ԵՄ-ՀՀ հարաբերությունների մասին Եվրամիության այսօր հրապարակած զեկույցում:

Հայաստանի կառավարության կողմից ներկայացված՝ ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզը կարևոր գործիք է բարեփոխման ծրագրերի առաջխաղացման համար, ընդգծում է զեկույցը:

«Եվրոպական միությունը եղել և կշարունակի մնալ ՀՀ կառավարության ստանձնած՝ ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդմանն ու երկրում մարդու իրավունքների խթանմանը մտված հավակնոտ բարեփոխումների ծրագրի ամենամեծ աջակիցը: Հայաստանը կարևոր գործընկեր է Եվրամիության համար, և մենք կենտրոնացած ենք մեր լայնածածկույթ երկկողմ համաձայնագրի իրականացման, ինչպես նաև Արևելյան գործընկերության շրջանակներում կոնկրետ արդյունքների ապահովման վրա: Մշտապես կայուն համոզմունք ունենք, որ մեր նպատակները շոշափելի օգուտներ են բերում մեր քաղաքացիներին», - Հայաստանում Եվրամիության պատվիրակության հաղորդագրության համաձայն՝ հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին:

«Եվրամիությունն ու Հայաստանը ամուր գործընկերներ են, և մենք պատրաստ ենք աջակցել կոնկրետ բարեփոխումների իրականացմանը՝ մարդկանց համար էական, այդ թվում՝ արդարադատության և կրթության ոլորտներում: Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արագ իրականացումն առաջարկում է նոր տնտեսական հնարավորություններ Հայաստանի բոլոր քաղաքացիների համար», - ասել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հանձնակատար Յոհաննես Հաանը:

«Անցյալ տարի Հայաստանում տեղի են ունեցել քաղաքական փոփոխություններ, հաջորդիվ՝ 2018 թվականի դեկտեմբերին անցկացվել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Եվրամիությունը հանդիսացել է միակ խոշոր ներդրողը, տրամադրելով սարքավորումներ և աջակցելով ժողովրդավարությանը և ակտիվ քաղաքացիական մասնակցությանը միտված գործողություններին: Համաձայն Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության տվյալների՝ ընտրություններն իրականացվել են հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքով և վայելել լայն հասարակության վստահությունը: Միաժամանակ Կառավարությունը կարևորել է դատական համակարգի անկախության, հաշվետվողականության և արդյունավետության անհրաժեշտությունը: 2018 թվականի սեպտեմբերին Եվրամիությունն ու Հայաստանը մեկնարկել են արդարադատության ոլորտի ԵՄ-Հայաստան ռազմավարական երկխոսություն: Եվրամիությունը պատրաստ է աջակցել այս առանցքային ոլորտի բարեփոխմանը», - ասված է զեկույցում:

Փաստաթղթում նշված է նաև, որ նախորդ տարվա ընթացքում Եվրամիության և Հայաստանի միջև առևտրի ընդհանուր ծավալն ավելացել է 15 տոկոսով՝ հասնելով ընդհանուր 1.1 միլիարդ եվրոյի: «Հայաստանն օգտվում է Եվրամիության Արտոնությունների ընդհանրացված համակարգ պլյուսի հնարավորություններից, որը կայուն զարգացման և լավ կառավարման ապահովման համար նախատեսված հատուկ նախաձեռնություն է: 2017 թվականի ընթացքում Հայաստանից՝ Արտոնությունների ընդհանրացված համակարգ պլյուսի պահանջներին համապատասխանող ապրանքների ավելի քան 96 տոկոսի մուտքը Եվրամիություն կատարվել է զրո տոկոս տուրքով: Տրանս-եվրոպական տրանսպորտի (TEN-T) հիմնական ցանցի դեպի Հայաստան ընդլայնումն ավարտին է հասցվել 2018 թվականի նոյեմբերին: 2019 թվականի հունվարին հրապարակվել է Տրանս-եվրոպական տրանսպորտային ցանցի ներդրումային ծրագիրը՝ ընդգրկելով որպես գերակայություն նաև ավտոճանապարհային անվտանգությունը», - ասված է զեկույցում:

Եվրամիությունը նշում է նաև, որ կրթության ոլորտի բարեփոխումների աջակցության նպատակով 2019 թվականի մարտին մեկնարկ է տրվել կրթության ոլորտում ՀՀ-ԵՄ քաղաքական երկխոսությանը․ - «Էրասմուս+ կարողությունների զարգացման ծրագրերի շնորհիվ հայկական բուհերը կարողացել են բարելավել իրենց վարչական և կազմակերպչական կառուցվածքը և արդիականացնել ուսումնական ծրագրերը: 2015 թվականից ավելի քան 2,700 ուսանող և համալսարանական դասախոս օգտվում են ԵՄ-Հայաստան ակադեմիական փոխանակման և շարժունակության ծրագրերից: 2018 թվականին մեկնարկել է 23 միլիոն եվրո արժողությամբ նոր «EU4Innovation» ծրագիրը՝ միտված համալսարանների շրջանավարտների հմտությունների համապատասխանեցմանն աշխատաշուկայի պահանջներին: Ծրագիրի միջոցով կստեղծվի «EU4Innovation» համալիր համալսարանների համար և ԵՄ կոնվերգենցիայի կենտրոն, որը կմիավորի համալսարաններն ու մասնավոր հատվածը և կհամալրի ինկուբատոր փոքր տեխնոլոգիական ստարտափների համար»:

«Եվրոպական միությունը Հայաստանի ֆինանսական օժանդակության խոշորագույն մատակարարն ու բարեփոխման առանցքային գործընկերն է: ԵՄ-ն պատրաստ է շարունակել ներգրավվածությունը Հայաստանում և ցուցաբերել աջակցություն քաղաքական երկխոսության, ֆինանսական և տեխնիկական օժանդակության միջոցով և աջակցել ՀՀ կառավարության հավակնոտ բարեփոխումներին՝ ի բարօրություն ՀՀ քաղաքացիների և ի նպաստ ԵՄ-Հայաստան համագործակցությանը», - ասված է փաստաթղթում:

Զեկույցը հրապարակվել է ԵՄ-ՀՀ գործընկերության խորհրդի հունիսի 13-ի նիստին ընդառաջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG