Մատչելիության հղումներ

Դատավորը Ռոբերտ Քոչարյանի օգտին ակնհայտորեն շահագրգիռ է եղել․ Սեդա Սաֆարյան


Մարտի 1-ի գործով տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը դիմել է Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ստանալու Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մասով գործը կասեցնելու մասին որոշումը։

Սաֆարյանը պնդում է՝ այս փուլում, երբ դեռ չկար որոշում դատաքննության մասին, դատավորը չէր կարող առանց կողմերի հետ քննարկելու նման որոշում կայացնել․ - «Ինքը պարտավոր էր սկսել, լսել կողմերի կարծիքը: Ինքնագլուխ․․․ եթե ինքը գտնում է, որ ինքը դատավոր է և ինքնագլուխ կարող է սա անել, եթե ինքը գտնում է, որ կարող է կողմերի համար անհավասար պայմաններ ստեղծել, մեզ՝ որպես տուժողի ներկայացուցիչներ չհրավիրել գոնե նախապատրաստական փուլում որոշակի կարծիք արտահայտենք, պատճառաբանելով, թե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունել և դա էլ սխալ մեկնաբանել․․․ դատավորի ցանկացած վարքագիծ այս 7-10 օրվա ընթացքում՝ բազմաթիվ խախտումներով, խոսում է այն մասին, որ ինքը Ռոբերտ Քոչարյանի օգտին ակնհայտորեն շահագրգիռ է եղել նմանատիպ որոշումներ ընդունելու հարցում»:

Անցած շաբաթ մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակած Դավիթ Գրիգորյանը երեկ քրեական գործի վարույթը կասեցնելու որոշում կայացրեց՝ գործն ուղարկելով Սահմանադրական դատարան։ Դատական տեղեկատվական համակարգի կայքում տեղադրված որոշման համաձայն, դատավորը գտնում է, որ դատական քննության այդ փուլում առկա է Քրեական օրենսգրքի հին՝ 300 ու 2009-ին փոփոխված Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածների և Սահմանադրության 72, 73 և 79 հոդվածների միջև առկա է անհամապասխանության կասկած։ Քոչարյանը մեղադրվում է հենց 300.1 հոդվածով՝ սահմանադրական կարգի բռնի տապալում, իսկ հին քրեական օրենսգրի 300-րդ հոդվածը սահմանում է պետական իշխանության յուրացումը՝ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողությունների համար։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ այս որոշումը բողոքարկման ենթակա չէ՝ «բողոքարկման իրավական ընթացակարգ մեր օրենսդրությունը չի նախատեսում»:

Փաստաբան Սեդա Սաֆարյանը, որը 2008-ի մարտի մեկի հետընտրական արյունալի իրադարձությունները ուսումնասիրող փաստահավաք խմբի անդամներից մեկն էր, պնդում է՝ դատավորի այս որոշումը նշանակում է, որ սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող նախկին նախագահը ազդեցություն ունի դատարանների վրա։

«Սա ուղղակի պլանավորված, նախապատրաստած մի խումբ մարդկանց աշխատանք է: Այդ նույն մարդկանց աշխատանքն է, ովքեր 2008 թվականին մարտին նույն խմբով աշխատել են: Ես վստահ եմ, որ Սահմանադրական դատարանից մինչև առաջին ատյանի դատարան, բոլոր դատական ատյաններից մարդ է մասնակցել այս չակերտավոր կոորդինացիոն աշխատանքներին և որոշել են՝ ինչ անեն, որ առաջին ատյանի դատարանում դատաքննություն չսկսվի», - մեկնաբանեց փաստաբանը:

Մարտի 1-ի տուժողների ներկայացուցիչը նաև պնդում է՝ գործի վարույթը կասեցնելու որոշման մեջ տեղ գտած նախագահի անձեռնմխելիության խնդիր բացարձակապես չկա․ - «Հազար անգամ բացատրեցինք, որ Սահմանադրությունը կարգավորել է այդ հարցը: Իր կարգավիճակից չբխող գործողությունների համար նա քրեորեն հետապնդելի արարք կատարելու պարագայում պատասխանատվություն է կրում»:

Մինչդեռ դատավորը իր որոշման մեջ գրել է, որ կիսում է Քոչարյանին առաջին անգամ կալանքից ազատ արձակած Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի այն դիրքորոշումը, ըստ որի պարտադիր չէ, որ նախագահը գործի հստակ իր լիազորությունների շրջանակներում և դրանցից դուրս չգա, կարևորն այն է, որ վերջինիս կատարած այդպիսի արարքը բխի իր՝ որպես նախագահի կարգավիճակից և պայմանավորված լինի նախագահին վերապահված լիազորությունների իրականացմամբ:

Ըստ այդմ, դատավոր Դավիթ Գրիգորյանը եզրահանգում է, որ Ռոբերտ Քոչարյանին վերագրվող արարքները վերաբերում են որպես նախագահ իր կարգավիճակին, այլ ոչ որպես մասնավոր անձ կատարած գործողություններին։

Դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշման մեջ նշել է, որ համաձայն քրեական դատավարական օրենսգրքի 292 հոդվածի՝ քրեական գործն իր վարույթ ընդունած դատավորը հետազոտում է գործի նյութերը և քրեական գործը վարույթ ընդունելու պահից 15 օրվա ընթացքում կարող է կայացնել որոշում, որոնց թվում է նաև գործի վարույթը կասեցնելը։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանի կարծիքով՝ Սահմանադրական դատարանը իրենց օգտին որոշում կկայացնի․ - «Իմ անունից անձամբ ասեմ՝ կարծում եմ որոշումը բավականաչափ պատճառաբանված է ու ռեալ հիմքեր կան էս որոշումով Սահմանադրական դատարանի մեկնաբանությունը ստանալու համար»:

Ըստ Քոչարյանի փաստաբանների, մեկ ամսվա ընթացքում Սահմանադրական դատարանը կորոշի՝ վարույթ ընդունել դատավոր Գրիգորյանի որոշումը, թե ոչ։ Ընդունելու դեպքում արդեն բարձր դատարանը մինչև վեց ամսվա ընթացքում կորոշի՝ առաջին ատյանի դատարանի եզրահանգումները ճիշտ են, թե ոչ։ Դրանից հետո արդեն առաջին ատյանի դատարանում գործը կվերաբացվի՝ Սահմանադրական դատարանի որոշումից բխող որոշում կայացնելու համար։

Հովհաննես Խուդոյանը հաստատեց, որ այս ընթացքում Քոչարյանի և նույն գործով անցնող մյուս երեք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների՝ Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի և Սեյրան Օհանյանի մեղադրանքներն ու կարգավիճակները նույնը կմնան:

Հավելենք, որ Գլխավոր դատախազությունից փոխանցում են՝ դեռևս չեն ստացել դատավոր Դավիթ Գրիգորյանի՝ Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցնելու մասին որոշումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG