Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ համազեկուցողներ․ Հայաստանի վարչապետի կոչը մտահոգիչ է, բայց դատական բարեփոխումներն անհրաժեշտ են


ԵԽԽՎ նստաշրջանը, արխիվ
ԵԽԽՎ նստաշրջանը, արխիվ

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցողները մտահոգություն են հայտնում դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչի կապակցությամբ, միաժամանակ՝ շեշտում երկրում դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության ցածր մակարդակն ու դատական բարեփոխումների անհրաժեշտությունը:

«Քաղաքական շահագրգիռ կողմերը պետք է զերծ մնան գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես ճնշում դատական իշխանության նկատմամբ», - ասված է Յուլիա Լովոչկինայի և Անդրեյ Շիրցելի հայտարարությունում, որն այսօր հրապարակված է ԵԽԽՎ պաշտոնական կայքէջում: Համազեկուցողները նշում են, որ Փաշինյանի կոչը հաջորդել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու դատավորի որոշմանը:

«Դատական իշխանության անկախությունը օրենքի գերիշխանության նախապայման է, և օրենքի գերիշխանությունը լավագույնս ապահովվում է քաղաքական դերակատարների որևէ միջամտության բացակայությամբ», - շեշտում են համազեկուցողները: Այնուհանդերձ, նրանք ընդունում են, որ դատարանի որոշմանը հանրության արձագանքն «ընդգծում է դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության դեռևս ցածր մակարդակը»:

«Դատական բարեփոխումներն առաջնահերթություն են մնում, և մենք ողջունում ենք դատական համակարգի հեռահար բարեփոխման՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտած հանձնառությունը, հատկապես՝ կոռուպցիայի դեմ պայքարի հետ կապված, ինչպես նաև այդ հարցում Եվրոպայի խորհրդի հետ համագործակցելու նրա ցանկությունը», - ասված է Լովոչկինայի և Շիրցելի հայտարարությունում:

Նիկոլ Փաշինյանի կիրակնօրյա կոչին հետևելով՝ երեկ քաղաքացիները վաղ առավոտից արգելափակել էին դատարանների մուտքերն ու ելքերը։ Նույն օրը Կառավարությունում հրավիրած խորհրդակցության ընթացքում վարչապետը հայտարարեց՝ «եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG