Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը ուղերձ է հրապարակել՝ վերջին ժամերին Հայաստանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ:
Նշելով, որ «խորը մտահոգությամբ են» հետևում զարգացումներին, Ամենայն Հայոց կաթողիկոսը կոչ է ուղղում՝ «մեր ժողովրդի բոլոր զավակներին` ցուցաբերել հանդարտություն, զերծ մնալ բռնություններից, խաղաղությամբ, ազգային միասնության ոգով և միմյանց նկատմամբ սիրով առլեցուն ներդնելու բոլոր ջանքերը` հաղթահարելու համար մեր առջև ծառացած մարտահրավերները»:
«Մենք հավատում ենք, սիրելի՛ զավակներ մեր, ձեր ողջախոհությանը և հայրենիքի ապագայի հանդեպ ձեր պատասխանատվության բարձր գիտակցությանը», ֊ ասված է Կաթողիկոսի ուղերձում: ֊ «Հայրապետիս աղոթքն է, որպեսզի օրհնյալ մեր երկրի մեջ փոխըմբռնման և համերաշխության միջոցով, Տիրոջ օգնականությամբ լուծվեն առկա բոլոր տարաձայնություններն ու հակառակությունները: Երկնառաք օրհնություն և աստվածային իմաստություն ամենքիս»:
Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգի տապալման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքից ազատ արձակվելուց մեկ օր անց, վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր աջակիցներին կոչ արեց երկուշաբթի օրը՝ մայիսի 20-ին, առավոտյան ժամը 8։30-ից արգելափակել դատարանների դռները, նաև տեղեկացրեց, որ 12։00-ին կառավարությունում հանդես է գալու դատաիրավական համակարգում հաստատված իրավիճակի մասին հայտարարությամբ։