Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն կոչ է անում ձեռնպահ մնալ հակասահմանադրական քայլերից


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և կուսակցությունից ԱԺ պատգամավորներ, մայիս, 2019թ․
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և կուսակցությունից ԱԺ պատգամավորներ, մայիս, 2019թ․

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) «կողմ լինելով մեր երկրում օրինականության և սահմանադրական կարգի պահպանմանը , պատրաստ լինելով օրենքի շրջանակներում քննարկել դատական համակարգում առկա իրապես լուրջ խնդիրները, գտնել համատեղ իրավական լուծումներ, կոչ է անում ձեռնպահ մնալ հակասահմանադրական քայլերից և գործողություններից»:

Կուսակցության քաղաքական խորհրդի այսօր տարածած հայտարարության համաձայն՝ դրանք «ուղղակիորեն հարվածելու են մեր պետականությանը, Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությանը՝ վտանգելով տնտեսության զարգացմանը, մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանությանը և նախապես հայտարարված բարեփոխումների կենսագործմանը»:

ԲՀԿ-ն հորդորում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր ժամը 12:00-ին կայանալիք ուղիղ եթերի ընթացքում «չեղարկել նախկինում արված իր կոչը և չխոչընդոտել դատարանների բնականոն գործունեությունը, չվտանգել երկրի միջազգային հեղինակությունը, չպառակտել հասարակությունը և միասին փորձել հանդուրժողականության և փոխըմբռնման մթնոլորտում լուծել դատաիրավական համակարգում առկա իրապես խորքային խնդիրները»:

Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգի տապալման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքից ազատ արձակվելուց մեկ օր անց, վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր աջակիցներին կոչ արեց երկուշաբթի օրը՝ մայիսի 20-ին, առավոտյան ժամը 8։30-ից արգելափակել դատարանների դռները, նաև տեղեկացրեց, որ 12։00-ին կառավարությունում հանդես է գալու դատաիրավական համակարգում հաստատված իրավիճակի մասին հայտարարությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG