Մատչելիության հղումներ

Քոչարյանի փաստաբան․ «Գործը ենթակա է կարճման»


Չորս օր շարունակված դատական նիստերից հետո Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ազատ արձակվեց կալանքից:

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման հյուրերն են պաշտոնաթող նախագահի պաշտպան Հովհաննես Խուդոյանը և Մարտի 1-ի գործով նախկին Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը: Ստորև՝ հատվածներ հարցազրույցից․

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը «Ազատության» տաղավարում
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը «Ազատության» տաղավարում

«Ազատություն»․ - Մեկնաբանեք, խնդրեմ, դատարանի այդ որոշումը: Ամբողջ ընթացքում դուք պնդում էիք, թե դատարանը ուղղորդված է, սակայն այն մի որոշում կայացրեց, որը ոչ մի կերպ չի կարելի ներկայացնել իբրև իշխանությունների պարտադրանք: Դա, կարծում եմ, որ դուք էլ էիք ասում: Ձեր միջնորդությամբ հաղթեցիք, փաստորեն, խափանման միջոցի փոփոխության միջնորդության հարցում, և Ձեր միջնորդությունն ընդունվեց: Խնդրեմ, Ձեր մեկնաբանությունը՝ անկա՞խ էր դատավորը, թե՞ ճնշումների էր ենթարկվում:

Հովհաննես Խուդոյան․ - Այստեղ, գիտեք, շատ դժվար է գնահատական տալը, որովհետև նույնիսկ կայացված որոշումը, ըստ մեր դիրքորոշման, չի համապատասխանում օրենքի ներկայացված պահանջներին: Որովհետև օրենքով հստակ նախատեսված է, որ այսպիսի որոշում դատարանը պետք է կայացնի իր մեկ այլ որոշման հետ միաժամանակ՝ բազմիցս խոսել ենք, դատական նիստին ծավալուն անդրադարձել ենք, այսինքն՝դատարանը պետք է, օրինակ, որոշի գործը նշանակել քննության, դրա հետ միաժամանակ խափանման միջոցի հարցը որոշի: Հիմա դատարանը որոշել է միայն խափանման միջոցի հարցը, գտել է, որ անձնական երաշխավորությունը բավարարում է, բայց մենքդեռ չենք ստացել մյուս որոշումը, թե արդյոք դատարանը գործը ընդունում է քննության, կարճում է, կասեցնում է, ըստ ընդդատության ուրիշ դատարան է ուղարկում, և այլն՝ մի քանի հնարավորություններ կան: Այս դեպքում էդ որոշումը չկա: Օրենքը պարտադիր որպես պահանջ ներկայացնում է, որ երկու որոշումներն իրար հետ պետք է լինեն, ուստի մենք մեր մյուս դիրքորոշումները այս գործի շրջանակներում դատարանը դեռևս քննության չի առել:

Իսկ այդ դիրքորոշումների մեջ առաջնայինը այն է, որ առաջադրված մեղադրանքը չի կարող ընդհանրապես քննության ենթակա լինել, և գործը ենթակա է կարճման: Այսինքն՝ մենք դատարանից դեռևս ակնկալում ենք 300.1 հոդվածի մասով կարճման որոշում:

Փաստաբան Սեդա Սաֆարյանը «Ազատության» տաղավարում
Փաստաբան Սեդա Սաֆարյանը «Ազատության» տաղավարում

Սեդա Սաֆարյան․ - Ես բազմաթիվ բաներ չեմ հայտարարելու, որովհետև նախաքննություն է, որովհետև եթե որոշեմ հրապարակել, ապա երևի թե ամենակարևոր բանը որ պիտի հրապարակեմ, որը ինձ նաև շատ ցավ է պատճառել, դա նա է, որ երբ որ հրամանատարը փետրվարի 23-ին իմանում է, որ իրենց պետք է տանեն մարտի 1-ին քաղաքական իրավիճակներին մասնակցելու, <…> հավաքում է իր զորքին ու ասում է, որ «հանկարծ ժողովրդի վրա չկրակեք»: Զորքի միջից մարդ է դուրս գալիս ու ասում է, որ «ես կրակելու եմ»: Հրամանատարը ասում է՝ «դու չես գա Երևան»՝ նկատի ունենալով նրա, երևի, ագրեսիվ պահվածքը: Կես ժամ հետո այդ հրամանատրին հրավիրում են համապատասխան բաժին և հարցաքննում են: Պարզվում է, որ այդ տղան, որին մեկուսացրել էին, զանգում է [ՀՀ երկրորդ նախագահի տիկին] Բելլա Քոչարյանի անվտանգության համակարգի աշխատողին, և արդեն բոլորը տեղեկանում են, որ նմանատիպ իրավիճակ կա, և այդ անձին ասում են՝ «դիմում գրի, ազատվի աշխատանքից»:

Եվ այս կարգի դրվագի մասին, Ռոբերտ Քոչարյանը երբ որ քրեական գործի նյութերը թերթել է, այսպես, արագ է երևի թերթել, որպեսզի չտեսնի, թե ինչ խայտառակ իրավիճակ է ինքը ստեղծել Հայաստանում:

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի գործով մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ, նա կալանավորված էր անցած տարվա դեկտեմբերի 7-ից և ազատ արձակվեց մայիսի 18-ին: Այս գործով անցնում են ևս երեք բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ՝ Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը և Արմեն Գևորգյանը:

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի մարտի 19-ի թողարկումը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG